Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի բացառիկ հարցազրույցը՝ SHANTNEWS-ին

Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։

– Պարո՛ն Բուքիքիո, խնդրում ենք պարզաբանել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցը, քանի որ միասնական կարծիքում տեղ գտած ձևակերպումների հետ կապված տարընկալումներ կան:

– Կարծում եմ՝ միասնական կարծիքն այս հարցում միանգամայն հստակ է: Վենետիկի հանձնաժողովը միշտ քննադատաբար է վերաբերվել դատավորների հարկադիր կենսաթոշակի անցմանը, օրինակ՝ կենսաթոշակի տարիքի պարտադիր նվազեցման միջոցով, ինչպես, ասենք, Լեհաստանում էր: Այստեղ՝ Հայաստանում, Ձեզ մոտ այլ իրավիճակ է. առաջարկ է ներկայացվել դատավորներին, որը նրանք կարող են ընդունել կամ ոչ: Մյուս կողմից, մենք միամիտ չենք և գիտենք, որ այստեղ կա ռիսկ, որ դատավորներին կարող են այլ միջոցներով մղել` ընդունելու առաջարկը: Այդ է պատճառը, որ իմանալով հանդերձ, որ վաղ կենսաթոշակի անցումը չի հակասում եվրոպական չափանիշներին, մենք շեշտել ենք, որ այն իսկապես պետք է լինի կամավոր:

Ի լրումն, մենք մտահոգություն ունենք, որ եթե չափազանց շատ դատավորներ միաժամանակ ընդունեն այդ առաջարկը, Սահմանադրական դատարանի աշխատանքը կարող է որոշ ժամանակով կաթվածահար լինել, ուստի մենք խնդրել ենք Հայաստանի իշխանություններին մտածել, թե ինչպես կարելի է խուսափել այս իրավիճակից:

– Ինչպես հասկանում ենք, Դուք պնդում եք կենսաթոշակի անցման «խիստ կամավոր» սկզբունքը, սակայն ինչպե՞ս հնարավոր է վստահ լինել, որ առաջարկվող մեխանիզմն իսկապես կարող է երաշխավորել կամավորության սկզբունքը: Ինչպե՞ս կարելի է ստուգել գործընթացի արդարությունը: Ինչպե՞ս խուսափել խտրականությունից:

– Դուք ճիշտ եք հասկանում: Վենետիկի հանձնաժողովի առաջնային խնդիրն է վերլուծել իրավական տեքստերը: Եթե մենք նայում ենք նրան, թե ինչ է գրված օրինագծում, ամեն ինչ շատ ճիշտ է. ոչինչ չի պարտավորեցնում դատավորներին ընդունել առաջարկը: Դատավորների նկատմամբ ապօրինի ճնշման օրինակներ կա՞ն, թե՞ ոչ, կախված է փաստերից: Վենետիկի հանձնաժողովը ո՛չ մանդատ ունի, ո՛չ էլ իրավասություն՝ քննելու այդ փաստերը:

Այդուհանդերձ, ինչպես ասացի, մենք այլ երկրներում ունեցած մեր նախորդ փորձերից գիտենք, որ ոչ բոլոր դեպքերում է, որ թղթի վրա եղած կամավոր սկզբունքը իրականում էլ կամավոր է: Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Մյուս կողմից, արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ նշեց, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում: Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին:

– Միասնական կարծիքում նշված է, որ մի քանի դատավորների համաժամանակյա կենսաթոշակի հնարավոր անցումը կարող է ազդել Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա: Ինչպե՞ս եք գնահատում պոտենցիալ մտահոգությունը: Արդյո՞ք կարող եք մեկ այլ նման օրինակ մատնանշել:

– Մենք չգիտենք, թե քանի դատավոր կորոշի ընդունել այդ «ոսկյա ձեռքսեղմումը», եթե այդպիսիք լինեն, ուստի ցանկացած կանխատեսում սպեկուլյատիվ է, սակայն եթե բոլոր 7 դատավորները, որոնք նշանակված են հին օրենքով, որոշեն գնալ, սա կարող է որոշ ժամանակով կաթվածահար անել դատարանի աշխատանքը: Կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես խուսափել դրանից: Ինչ վերաբերում է այլ օրինակներին, ես կարող եմ հիշել Ռումինիայի օրինակը, որտեղ վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմը տարածվեց մեծ թվով բարձրաստիճան դատավորների վրա, որը վնասակար եղավ Ռումինիայի ողջ դատական համակարգի որակի ու արդյունավետության համար: Հայաստանում այս ռիսկն այդքան մեծ չէ, քանի որ միայն Սահմանադրական դատարանի վրա կտարածվի, սակայն դարձյալ կարևոր է, որ այս ինստիտուտը գործի առանց ընդհատումների:

– Այդ դեպքում, Ձեր կարծիքով ո՞րն է լուծման այն լավ առաջարկը, որով հնարավոր կլինի խուսափել մտահոգություններից:

– Այս հարցում ես ենթադրություններ չեմ անի, քանի որ դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան: Գնդակը իշխանությունների դաշտում է, և ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, մինչև չտեսնեմ՝ ինչ են նրանք առաջարկում:

– Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով: Այսինքն՝ տեխնիկապես միևնո՞ւյն է՝ նրանց «դատավո՞ր» ենք անվանում, թե՞ «անդամ»:

– Ես դրան այս կերպ կմոտենամ. գործող Սահմանադրությամբ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն լեգիտիմությունը, ուստի կարող են Սահմանադրական դատարանի աշխատանքին մասնակցել հավասար իրավունքներով: Բայց, իրոք, նրանց կարգավիճակը բոլոր ասպեկտներով չէ, որ հավասար է. օրինակ ոմանք նշանակված են ցմահ, մինչդեռ լրամշակված Սահմանադրությամբ նոր ընտրված դատավորները սահմանափակ մանդատ ունեն: Դա է պատճառը, որ կառավարությունը վաղ կենսաթոշակի առաջարկը անում է միայն «հին» դատավորներին: Ինչևէ, դատարանի «հին» անդամները դեռ դատավորներ են. ահա սա է նշված Միասնական կարծիքի մեջ: Տարբերություն չկա Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև: Սա ընդամենը տերմինաբանության հարց է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս