Իսպանիան պատասխան գործողություններ կձեռնարկի, եթե Բելգիան չհանձնի Պուչդեմոնին
Իսպանիայի իշխանությունները պատասխան գործողություններ կձեռնարկեն այն դեպքում, եթե Բելգիայի դատարանը հրաժարվի արտահանձնել Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին:
Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն: «Իսպանիայի կառավարությունը չի հասկանա, եթե Բելգիայի կառավարությունը չհանձնի նրանց, ովքեր թաքնվում են իսպանական արդարադատությունից: Մենք դա կգնահատենք որպես հարգանքի բացակայություն լիակատար ժողովրդավարության նկատմամբ, որպիսին իսպանականն է: Եթե մերժվի (գործի մյուս ֆիգուրանտների նկատմամբ) Գերագույն դատարանի դատավճռից հետո… Մենք կընդունենք համապատասխան որոշումներ, քանի որ դա չենք հասկանա»,- հայտարարել է Կալվոն Onda Cero ռադիոկայանում կայացած հարցազրույցում:
Հոկտեմբերի 29-ին Բրյուսելում հետաձգել են Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին Իսպանիայի իշխանություններին հանձնելու գործի քննությունը եւ այն նշանակել են դեկտեմբերի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: