«Ռազմական ոլորտը բյուջեում պետք է առաջնահերթություն ունենա հատկապես այն երկրների դեպքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ». Խրամչիխին
«Պատերազմի մեջ գտնվող երկրների միջև ուժային հավասարակշռության պահպանումը պատերազմի չվերսկսման կարևոր բաղադրիչ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեներում ռազմական պաշտպանության ծախսերի համար նախատեսվող բյուջեների միջև տարբերությանը:
Նշենք, որ կառավարությունը հաստատել է 2020թ․ պետական բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ՝ ռազմական պաշտպանության ծախսերն ավելացվում են ընդամենը 0,8%-ով, ինչը նշանակում է, որ ներկա 300,5 մլրդ դրամից կհասնի 303 մլրդ դրամի, մինչդեռ Ադրբեջանը 2020թ. համար ռազմական բյուջեն ավելացնում է 20 տոկոսով. Ադրբեջանի բյուջեի նախագծի՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (մոտ 2 մլրդ 267 մլն դոլար), ինչը նախորդ տարվա 3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով:
Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ նման տարբերության դեպքում առավել ևս մեծանում են ԼՂ հակամարտության գոտում առկա ռիսկերը, քանի որ կողմերից մեկը շարունակում է ծախսերի շնորհիվ է՛լ ավելի ամրապնդել իր զինված ուժերը, իսկ մյուս կողմը համապատասխանաբար նույնը չի կարողանում անել:
Բայց, նրա խոսքով, ակնհայտ է նաև, որ այս տարբերությունը պայմանավորված է տնտեսությունների ընդհանուր աճով, ծավալով, քանի որ, այսպես թե այնպես, հակամարտության մեջ գտնվող երկրի համար ռազմական պաշտպանության ծախսերն առաջնահերթություն են:
«Այստեղ տնտեսագետը պետք է վերլուծի և կարծիք հայտնի, սակայն ես կարող եմ ասել, որ տնտեսության աճին համապատասխան՝ պետք է աճեն նաև ռազմական ծախսերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական վիճակն ու այս տարվա համար նախատեսվող 20%-անոց աճը: Այն համոզմանն եմ, որ ռազմական ոլորտը բյուջեում պետք է առաջնահերթություն ունենա առավել ևս այն երկրների դեպքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ, թեև՝ ոչ այնքան ակտիվ: Բայց, ի վերջո, պետական իշխանություններն են որոշում այդ ամենը՝ հաշվի առնելով տնտեսական աճը, ցուցանիշները և քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով ռիսկերը հակամարտության գոտում: Իսկ ռազմական գործիչները ստիպված են ստանալ այն, ինչ ստանում են»,- ասաց Խրամչիխինը:
Ըստ նրա՝ եթե տվյալ պատկերը մեկ տարի է լինելու, ապա հավանական չէ, որ կունենա մեծ ազդեցություն: «Եթե նմանատիպ իրավիճակ շարունակվի 10 տարի, ապա միանշանակ այն կունենա էական հետևանքներ»,- ասաց Խրամչիխինը:
Ռուս ռազմական փորձագետը պարզաբանեց, որ, եթե ռազմական բյուջեների միջև տարբերությունը 2-3 անգամ ավելի է, դա դժվար է ուղիղ կերպով մեկնաբանել: «Այսինքն՝ դժվար է ասել, որ, եթե մի երկրի ռազմական բյուջեն երկու կամ երեք անգամ ավելի է մյուսից, ապա Ադրբեջանը երկու կամ երեք անգամ ավելի ուժեղ է, քան Հայաստանը: Ռուսաստանի ռազմական բյուջեն 10 անգամ պակաս է, քան ԱՄՆ ռազմական բյուջեն, բայց Ռուսաստանն ընդհանուր առմամբ ոչնչով չի զիջում Միացյալ Նահանգներին, քանի որ այստեղ հարցն այդ բյուջեի ճիշտ կառավարումն է, տեղաբաշխումը և ներքին գները, տարբեր ցուցանիշներ կան, որոնք պետք է հաշվի առնվեն:
Խոսելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից՝ Խրամչիխինն ասաց, որ իրավիճակը՝ իր բոլոր հետևանքներով՝ ռիսկերով, անպտուղ բանակցություններով, նույնն է: «Ես կարծել եմ ու կարծում եմ, որ առանց պատերազմի՝ այս հակամարտությունը չի կարգավորվելու: Չեմ կարող հերքել, որ բանակցությունների ընթացքում լինում են ավելի բարենպաստ փուլեր, բայց ընդհանուր միտումները բացասական են, որը պետք է զգոնություն հաղորդի կողմերին»,- ասաց նա:
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ