Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Այսօր բացվում է Պարսից ծոցի գոտում բարդ իրավիճակի կարգավորման հնարավորություն։ Աշխարհի երկրների մեծ մասը աջակցում է այս գործընթացին և հույս է հայտնում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջողության վերաբերյալ, որոնք պետք է սկսվեն Իսլաաբադում՝ մեր պակիստանցի գործընկերների միջնորդությամբ։

Սակայն, ցավոք, կան ուժեր, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելու գործընթացին՝ կամա թե ակամա ստեղծելով խոչընդոտներ այդ ճանապարհին։ Մասնավորապես նրանք, ովքեր ագրեսիա են սկսել Իրանի դեմ, իսկ այժմ նրան են մեղադրում Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված խնդիրների համար, չպետք է խեղաթյուրեն իրական իրադարձությունները և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այս կարևոր ջրային ուղին անխափան գործում էր։

Ներկայիս փուլում հիմնական խնդիրը տարածաշրջանում կործանարար հակամարտության առաջնային պատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։ Դրա հետևանքներից են, ի թիվս այլոց, Արաբական թերակղզու պետությունների կրած վնասները, ինչպես նաև լիբանանա-իսրայելական սահմանային գոտում ռազմական գործողությունները և Լիբանանի նկատմամբ հրթիռա-ռմբակոծությունները, որոնք պետք է անհապաղ դադարեցվեն։

Այս ֆոնին հանդես ենք գալիս տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունների լուծման օգտին՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Մտադիր ենք սերտ համագործակցել մեր գործընկերների հետ՝ նպաստելու կառուցողական խաղաղ նախաձեռնություններին և ապահովելու Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումը։

Կոչ ենք անում Պակիստանում հայտարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են խաթարել ստեղծված հնարավորությունը։

Հաստատում ենք Պարսից ծոցի անվտանգության գոտու վերաբերյալ ռուսական հայտնի նախաձեռնության արդիականությունը՝ բոլոր ծովափնյա երկրների՝ արաբական պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսության հաստատման միջոցով, արտաքին դերակատարների մասնակցությամբ և աջակցությամբ, որոնք կարող են անկեղծորեն նպաստել արդար և կայուն շահերի հավասարակշռության ձեռքբերմանը»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930