«Այս շրջանում տարօրինակ է Հրայր Թովմասյանի աղջիկներին ու հորը ԱԱԾ հրավիրելը». Նարինե Դիլբարյան
«Քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ բարձրացել է հանրային և քաղաքական աղմուկ, որի հիմքում ընկած է նրա նյութական միջոցների ձեռքբերումը, կարծում եմ՝ ԱԱԾ-ն ի պաշտոնե կարող էր, և գուցե պետք էր ստուգումներ կատարել (մենք գիտենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը համապատասխան դիմումով է դիմել դատախազություն), բայց, եթե այս ամենի կատարման ձևը չի համապատասխանում օրենքին՝ միանշանակ մերժելի է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով օրերս ԱԱԾ-ի կողմից Հրայր Թովմասյանի հայրական տանն իրականացված գործողություններին և նրա դուստրերին ու հորը ԱԱԾ հրավիրելու փաստին։
Նրա կարծիքով՝ այս շրջանում տարօրինակ է Հրայր Թովմասյանի աղջիկներին ու հորն ԱԱԾ հրավիրելը, քանի որ անհասկանալի ու խնդրահարույց է, թե նրանք ի՞նչ պետք է հայտնեին Հ. Թովմասյանի սեփականության վերաբերյալ։
«Ըստ իս՝ մեզ մոտ դարձյալ գործում են այն հին մեթոդները, փոփոխություն տեղի է ունեցել, բայց աշխատանքի մեթոդներն ու ոճը չի փոխվել։ Փորձել արագ շոուներ կազմակերպել և այդ ընթացքում ստեղծել անբարենպաստ պայմաններ, վարկանիշ իրենց նկատմամբ՝ միանշանակ դատապարտելի է։ Կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները պետք է աշխատեն օրենքի շրջանակներում և չփորձեն ստվերել այն աշխատանքը, որն իրենք կատարում են։ Եղել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարություն, բայց դա չի նշանակում, որ ունեցվածքի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պետք է երեխաներին կանչեն։ Մենք այդ շրջանն արդեն անցել ենք։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ հետաքննությունը կատարվում է շատ տարօրինակ մեթոդներով»,- նշեց նա։
Ըստ Նարինե Դիլբարյանի՝ տեսականորեն այս ամենը կարելի որակել՝ որպես ճնշում Հրայր Թովմասյանի նկատմամբ, բայց Հայաստանում դա գրեթե ճնշում չէ, քանի որ, եթե այս ամենը տեղի ունենար Եվրոպական որևէ երկրում, ապա այդ եղածի անգամ 20 տոկոսն էլ բավարար կլիներ, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական տար։
«Իմ կարծիքն արդեն հայտնել եմ, որ այս ՍԴ-ն և նրա նախագահը չունեն հանրային վստահություն, և, ցավոք, մենք չունենք մշակված իրավական փաթեթ, թե ինչպես պետք է ունենանք նոր ու վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- հավելեց Նարինե Դիլբարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան