Էրեբունի-Երևանն իր հանրաճանաչ անկյուններով ներկայացվեց նոր ցուցահանդեսում
«Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում և լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Երևանին նվիրված ամսագրեր, եզակի քարտեզներ, բացիկներ և այլ ցուցանմուշներ, որոնցում պատկերված է հին ու նոր Երևանը:
Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված ցուցադրությունը բացվեց հոկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում:
Ցուցադրության նախաձեռնությունը Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնինն է, որի վարիչ Աննա Օնանյանը ցուցանմուշներից հատկապես կարևորեց 17-րդ դարում արված Երևանի քարտեզի վերատպությունը:
«Քարտեզը նկարել է հոլանդացի ճանապարհորդ Ժան Շարդենը հայ վաճառականների օգնությամբ: Քարտեզի ներքևի մասում Արարատ լեռն է, իսկ Արարատի ստորոտում Երևանը: Գրված է Երվան: Դա 1667 թվականի քարտեզ է»,-ասաց Օնանյանը:
Անդրադառնալով մերօրյա Երևանի ճարտարապետական պատկերին` նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաք, որպես ճարտարապետական համալիր կրում է տարբեր ազդեցություններ: «Եթե մենք դիմում ենք արտասահմանցի ճարտարապետների կամ համագործակցում ենք օտար երկրում կրթություն ստացած մասնագետների հետ, նրանք իրենց փորձը, մոտեցումներն են բերում մեր երկիր: Կարծում եմ` ազգային ճարտարապետության ավանդույթները պահպանել է պետք, բայցև բնական են տարբեր ազդեցություններն ու զարգացումները»,-նշեց Օնանյանը:
Նա «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույց կարդաց ներկաների համար ու շեշտեց, որ շատ է ցանկանում` յուրաքանչյուր երևանցի քաղաքին վերաբերվի ինչպես իր տանը: «Լավ կլինի, որ մարդիկ աղբը չգցեն գետնին, մաքրեն քաղաքը, լինեն հոգատար Երևանի նկատմամբ»,-եզրափակեց Աննա Օնանյանը: