«Ժամանակին Հիտլերի հայտարարություններին նույնպես ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ծիծաղում էին, որ բեղեր ունի՝ ինչպես Չապլինը»
«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, հոկտեմբերի 14-ին Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,-նույն նիստին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով,- Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:
«Շատերը սխալմամբ կարծում են, որ հայտարարությունները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հղում է, ընդամենը ներքին լսարանի համար են, բայց նրանք չարաչար սխալվում են, Ադրբեջանին չեն ճանաչում: Խոսքից գործի անցնելը երկար չի տևում, և դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը, որն անսպասելի-սպասելի եղավ: Երկրորդ անգամ դա չպետք է լինի, քանի որ հետևանքները մեծ են լինելու, ուստի մենք պետք է պատրաստ լինենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
«Ալիևն ու Ադրբեջանի վարչակարգը ժողովրդին պատրաստում են, և իրենք արդեն պատրաստ են պատերազմի, մնում է, որ մենք էլ համարժեք պատրաստ լինենք: Ժամանակին Ադոլֆ Հիտլերի հայտարարություններին նույնպես ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ծիծաղում էին, որ բեղեր ունի՝ ինչպես Չարլի Չապլինը, ասում էին՝ նրան լուրջ չի կարելի ընդունել, հետո Եվրոպան և նրանք, ովքեր ծիծաղում էին, արյունոտ արդյունքներով պարտվեցին, արյան ծովեր հոսեցին:
Թերագնահատելն աններելի սխալ կլինի, 2016թ. ապրիլին իրենց հարձակումը դա ապացուցեց, և միայն մեր զինվորների հերոսության պատճառով մենք կարողացանք ադրբեջանական հարվածին դիմակայել արժանի կերպով, որովհետև ադրբեջանական ծրագրերն այն ժամանակ շատ ավելի ծավալուն էին և չէին սահմանափակվում, որ պետք է կանգ առնեն Արցախը գրավելուց:
Վաղուց հայտարարել են, որ հավակնություն ունեն հասնել մինչև Երևան, ներառյալ՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը: Նման հավակնություններ ունի և չի էլ թաքցնում Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ ներքին լսարանի համար է հնչեցվել, տեսեք, թե որ ամբիոններից է դա հնչեցրել. ԱՊՀ գագաթաժողով, «Վալդայ» միջազգային ակումբ, նմա՞ն է, որ միայն ներքին լսարանի համար է հայտարարություն արվում: Վլադիմիր Պուտինի, ԱՊՀ բոլոր ԶԼՄ-ների, հասարակական-քաղաքական գործիչների ներկայությա՞մբ: Դա ուղղակիորեն պատերազմի հայտարարություն էր»,- հավելեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը կոչ արեց, որպեսզի հայկական կողմն ադրբեջանագիտական լուրջ կենտրոն ստեղծի, որը ուշի ուշով կհետևի Ադրբեջանում զարգացող իրադարձություններին՝ տնտեսական, քաղաքական, էթնիկական խնդիրներ:
«Համարժեք պատասխան տալուց բացի՝ մենք պետք է կարողանանք կանխարգելիչ հարված հասցնել: Հերի՛ք է՝ ինչքան մենք պատասխանողի դերում ենք հայտնվել: Ժամանակին Ադրբեջանում հայերի ցեղասպանություն են իրականացրել. այդ փաստը բավական է, որպեսզի արցախյան հարցը լուծվի հօգուտ հայկական կողմի, այսինքն, չի կարող այն լինել ցեղասպան պետության կազմում. դրանից ավելի պարզ ֆորմուլա գոյություն ունի՞:
Ապրիլյան պատերազմը պատեհ առիթ էր՝ պաշտոնապես ճանաչելու Արցախի անկախությունը: Ավելին, անթույլատրելի է ՀՀ-ի և Արցախի անհաշտություններն ի ցույց դնելը, քանի որ տեղեկատվության ցանկացած արտահոսք Ադրբեջանում ծնում է սին հույսեր, որ հայկական կողմը միասնական չէ և գալիք պատերազմի ժամանակ չի կարողանալու համարժեք պատասխան տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է հետևենք Ադրբեջանում և տարածաշրջանում զարգացող իրադարձություններին:
ՀՀ և Արցախի ղեկավարությունները պետք է աչալուրջ վերաբերվեն ադրբեջանական բոլոր գործողություններին և հայտարարություններին ու ծայրահեղ զսպվածություն ցուցաբերեն իրար մեջ հարաբերություններին՝ հատկապես լրատվամիջոցների ներկայությամբ, քանի որ Ադրբեջանում դա սխալ է ընկալվում, ոգևորում է նրանց ղեկավարությանը, սնում քարոզչամեքենային՝ անցնել գործողությունների: Իրենց ժողովրդին քարոզում են, թե գալիք պատերազմում հեշտ է հաղթել, քանի որ, տեսե՛ք, հայերն անհաշտ են, չեն կարողանալու դիմադրել մեր բանակին: Բայց պետք է հիշեցնել Ալիևին, որ իրենց «փառահեղ» բանակը նախորդ պատերազմներում խայտառակ պարտություն է կրել, իսկ այս անգամ չպետք է բաց թողնենք պատմական պահը:
Եթե Ադրբեջանը մեզ այդ հնարավորությունն ընձեռի՝ ոչ միայն պետք է դիմակայենք ադրբեջանական ագրեսիային, այլև ջարդենք թշնամու ողնաշարը, պատերազմը տեղափոխենք նրա կողմից վերահսկվող տարածքներ, հասնենք մինչև Քուռ գետը: Միայն այս պարագայում մեր տարածաշրջանում և մեր Հանրապետությունում երկարատև կայուն խաղաղություն կարող է հաստատվել: Կարող ենք ազատվել ադրբեջանական երկարատև «դամոկլյան սրից», որն անընդհատ սպառնում է հայկական երկու պետություններին՝ նոր ցեղասպանությամբ»,- նշեց Գրիգորի Այվազյանը:
Անի Կարապետյան