«Լուռ ու համր են դարձել, մի քանիսն էլ դատապարտում են, բայց գործնական ոչինչ չկա». Քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն ակցիա իրականացրեցին՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների մասին:
ՀՀ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ դատապարտում են նաև ԱՄՆ ղեկավարության հետքայլը.
«Մենք դատապարտում ենք նաև ԱՄՆ-ին, որ հովանավոր էր կանգնել քրդերին և հորդորում էր առաջ շարժվել՝ իսլամիստների դեմ կռվելու, և այսօր նրանց թողեցին մենակ թուրքական իշխանության արյունաբեր թնդանոթների առաջ»:
Կ.Հասանովը դատապարտեց նաև գերտրություններին և կոչ արեց միջազգային հանրությանը՝ բռնել թուրքերի «մարդասպան ձեռքը». «Լուռ ու համր են դարձել, մի քանիսն էլ դատապարտում են, բայց գործնական ոչինչ չկա»:
Նրա խոսքով՝ այս օրերին Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունները 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կրկնությունն է:
Ի աջակցություն քուրդ ժողովրդի՝ բողոքի ցույցին ներկա հայերը նույնպես հիշեցին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը՝ նշելով, որ թուրքը չի փոխվել:
«Արամ Աշխարհակալ» հ/կ հիմնադիր նախագահ Վանյա Հակոբյանն էլ նշեց, որ պահանջում է ԱՄՆ-ից՝ որպես գերտերության՝ զսպել Թուրքիային. «Իմ պահանջն է, որ ԱՄՆ-ը՝ որպես գերտերություն, Թրամփի գլխավորությամբ զսպի Թուրքիային, որ չլկտիանա. սանձազերծված կոտորած է. 21-րդ դարի խայտառակությունն է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Գործողության նպատակն է, ըստ թուրքական աղբյուրների՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին և ստեղծել «անվտանգության գոտի»:
Գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Միջազգային, այդ թվում և՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։
Զարուհի Դիլանյան