Բաժիններ՝

Թրամփը Թուրքիայից ու քրդերից պահանջել է թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։

«ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ»,- գրել Թրամփն իր Twitter-ում:

Ավելի վաղ New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի հինգ տասնյակ կարեւոր բանտարկյալների է թողել Սիրիայից իր հեռանալուց հետո՝ այդ երկրի վրա Թուրքիայի հարձակումից առաջ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:
Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:

Թուրքիան ահաբեկիչներ է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս