Տղամարդկանց մոտ արագ տեմպերով զարգանում է թոքային և շագանակագեղձի քաղցկեղը
Վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների աճի միտումը բնակչության մոտ խուճապ է առաջացրել: Այն, որ այդ հիվանդությունների տենդենց է նկատվում, հաստատում է նաև Երևանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանոյանը: «Այո, վերջին տարիներին քաղցկեղային հիվանդությունների աճ ունենք, և այդ թիվը տարեցտարի ավելանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Տանոյանը` հավելելով, որ քաղցկեղային հիվանդությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքային քաղցկեղը: Ընդ որում, թոքային քաղցկեղն ամենատարածվածն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում: Ա. Տանոյանի հավաստմամբ` երկրորդ տեղում կանանց մոտ արձանագրվող կրծքագեղձի ուռուցքն է, որն իր տարածվածությամբ գրեթե հավասարվում է թոքային ուռուցքին: «Երրորդ, չորրորդ տեղում (ընդ որում` պարբերաբար տեղերով փոխվում են) աղեստամոքսային տրակտի` հաստ աղիի կամ ստամոքսի ուռուցքներն են»,- ասում է Ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրենը` շեշտելով, որ տղամարդկանց մոտ արագ տեմպերով զարգանում է շագանակագեղձի ուռուցքը: Այնուամենայնիվ, կրկին նշելով, որ ամենատարածվածը թոքի քաղցկեղն է, Ա. Տանոյանն ասում է, որ այդ հիվանդության զարգացումը պայմանավորվում է նաև նրանով, որ շատ ուշ են հայտնաբերվում, և հիվանդներն ուշ են դիմում մասնագետների օգնությանը: «Դրա հետևանքով՝ թոքի քաղցկեղի դեպքում թե՛ հետվիրահատական շրջանում, թե՛ բուժումից հետո անգամ ապրելիությունն է լինում շատ ավելի ցածր: Պատճառն այն է, որ հիվանդներն ուշ են դիմում, և վիրահատությունը կատարվում է բավականին ուշացած: Թոքային քաղցկեղը գերակշռում է տղամարդկանց մոտ».- ասում է Ա. Տանոյանը: Մասնագետի դիտարկմամբ` թոքային քաղցկեղի առաջացման և ռիսկի գործոնների մեջ ծխախոտի օգտագործումը կարող է զգալի դերակատարում ունենալ: Քաղցկեղային հիվանդությունների աճն Ա. Տանոյանը պայմանավորում է սոցիալական պայմաններով, սննդով, նյարդային անկայուն համակարգով: Պատճառների թվում է նաև սթրեսը: «Ցավոք, մարդիկ դիմում են ուշացած, երբ քաղցկեղն անցնում է 3-րդ, 4-րդ փուլ: Եթե իրենք մեզ դիմեն շատ ավելի վաղ շրջանում` հետագայում մենք կունենանք շատ ավելի լավ արդյունք: Որքան պրոֆիլակտիկ նպատակներով հիվանդները մեզ մոտ հետազոտվեն, այնքան մենք կունենանք վաղ հայտնաբերում և, բնականաբար, հետագայում մեր բոլոր բուժումներն ու գործողությունները կլինեն արդյունավետ: Օրինակ` կարող եմ ասել, որ կանանց կենսամակարդակը հիմա բարձրացել է, և գրեթե ամեն առաջին կամ երկրորդ կինը կրծքագեղձում մի բան շոշափելու դեպքում դիմում է բժշկի, որի արդյունքում՝ կոնկրետ կանանց կրծքագեղձի ուռուցքների ժամանակ հիմնականում ունենք վաղ հայտնաբերում և հետագայում` մեծ արդյունք»,- ասում է Ա. Տանոյանը: