«Չգիտեմ՝ ի՞նչ է փնտրում, չգիտեմ՝ ո՞վ է փնտրում: Ու նախ՝ չգիտեմ՝ ո՞ւմ է փնտրում». Շիրակի թեմի առաջնորդ

Քիչ առաջ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»։

Գրառմանը կից նա հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

168.amՄիքայել եպիսկոպոս Աջապահյանին հարցրեց, թե ի՞նչ է փնտրում Պետական եկամուտների կոմիտեն Շիրակի թեմում:

Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը:

«Չգիտեմ՝ ի՞նչ է փնտրում, չգիտեմ՝ ո՞վ է փնտրում: Ու նախ՝ չգիտեմ՝ ո՞ւմ է փնտրում»,- տարակուսեց սրբազանը:

«Գևորգ Աջսպահյան անունով մարդ գոյություն չունի, էդպիսի հաստատություն գոյություն չունի, էդպիսի տնօրեն գոյություն չունի, էդպիսի հասցե գոյություն չունի»,- հավելեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Մեր այն հարցին, թե ՊԵԿ-ից առաջին անգա՞մ են նման նամակ ստացել, սրբազանն ասաց, որ որքան հիշում է, այո, առաջին անգամ է:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս