Վարդան Ղուկասյանի՝ սպանության համար դատապարտված եղբորորդուն ՔԿՀ-ից տեղափոխել են քաղաքային հիվանդանոց
Սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։
168.am-ի տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Վահե Ղուկասյանը Արթիկ ՔԿՀ-ից Միքայելյանի անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 1-ին։ Մինչ այս պահը նա այնտեղ է, իսկ թե երբ կտեղափոխվի ՔԿՀ, կախված է բժիշկներից»,- ասաց Նավիկյանը։
Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև։ «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հատնել էին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին, և փաստի առթիվ Արթիկ ՔԿՀ-ում նախապատրաստվել էին նյութեր։
Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը)։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ