Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանը լավ լուր հաղորդեց, որի մասին դեռևս տեղյակ չէին ԱԻՆ աշխատողները

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս կարևոր համարեց ընդգծել այն, որ հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը:

«Այսօր հասել ենք նրան, որ ՀՀ ամենածայրամասային փրկարարական ջոկատն ապահովված է անհրաժեշտ քանակի վառելիքով, որևէ խնդիր մենք չունենք: Ավելին, առաջանցիկ մինչև փետրվար ամիսն ապահովված ենք վառելիքաքսուքային նյութերով»,- ասաց նա՝ հավելելով, որ լուծվել է նաև փրկարար ծառայողների համազգեստի հարցը: Եվ այսօր օրենքով սահմանված կարգով՝ փրկարարները տարին երկու անգամ ստանում են առավել որակով համազգեստ:

«Այսօր հասել ենք նրան, որ երրորդ տեսակի համազգեստն ենք ձեռք բերելու՝ առանց ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու»,- հավելեց նախարարը՝ շեշտելով, որ կարողացել են լուծել նաև հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների վերանորոգման հարցը, որոնց ընդհանուր թիվը ՀՀ-ում 64-ն է, դրանցից 32-ն այս պահին վերանորոգման փուլում են:

«Եղել են տեղեր, որտեղ անմարդկային պայմաններ են. չկա բաղնիք, լվացվելու հնարավորություն, ջուր, զուգարան: Եվ այս ամենը տեսնելով, կառավարության օգնությամբ կարողացանք լուծել այս հարցը»,- նշեց Ցոլականը՝ ասելով, որ նաև դոնոր և բարեգործական կազմակերպությունների միջոցների հաշվին են լուծում հրշեջ ջոկատների շենքային պայմանների վերանորոգման հարցը:

ԱԻ նախարարը խոստացավ՝ ԱԻՆ-ի պատմության մեջ առաջին անգամ չեն ունենա փչացած մեքենա:

Լրագրողներին Ֆելիքս Ցոլակյանը ևս մեկ լավ լուր հաղորդեց, որից ԱԻՆ աշխատողները տեղյակ չէին դեռ: «Աշխատանք է տարվում, որպեսզի կարողանանք բարելավել հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները։ Հնարավոր է, որ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ նրանք կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանալ»,- հայտարարեց Ֆելիքս Ցոլակյանը՝ լրացնելով, որ հնարավոր է՝ առանձին դեպքերում պարգևատրման եղանակով բնակարաններ տրվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս