Ինչո՞ւ է ՊՆ-ում պարգևավճարների թեման դժգոհություններ առաջացրել
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ) հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ:
«Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, հրամանատարական կազմի աշխատավարձերը ՊՆ-ում և զինված ուժերում բարձրացել են: Բարձրացվել է բոլոր զինվորականներինը, բայց ծանրությունը թեքվել է դեպի առաջնագծի հրամանատարական կազմը: Հիմա թե սրանից ում մոտ՝ ինչ դժգոհություն է առաջացել, դա չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում մեր տեղեկությունը մեկնաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից ՀՀ ԶՈւ զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետևյալ պատկերն ունեն.
Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամանատարի տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար- 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:
Մարիամ Պետրոսյան