«Աննախադեպ քանակի լիդերների մասնակցությունը ՀՀ նոր իշխանության բացառիկ գնահատականն է». խոսնակ

Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցկացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- ասել է նա։

Կարապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան արդեն տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ, որն անցել է աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

«Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության, 2020 թ.-ի բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր:

Քննարկվելու է նաև ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Ավելորդ է նշել, որ այս բոլոր հարցերը ուղիղ առնչություն ունեն մեզ հետ և Հայաստանը ամենաակտիվ կերպով ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ տասնվեց հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում»,- նշել է Կարապետյանը։

ՀՀ վարչապետի խոսնակը հատկանշական է անվանել այն, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ:

«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵԱՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։

Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագործակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտրի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորությունները, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև»,- նկատել է նա:

Տեսանյութեր

Լրահոս