Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ կատարած աշխատանքը

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ից անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում ԵԿՄ կատարած աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնում ԵԿՄ բոլոր անդամներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին:

Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին:

Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը:

Տեսանյութեր

Լրահոս