«Եթե Արա Մխիթարյանին ինչ-որ բան պատահի, մեղավորները թող սեփական կամքով փախնեն Նախիջևան». Զորացրված սպա
Զորացրված սպաները հավաքվել են Կառավարության մոտ և պատրաստվում են գնալ Մուրացանի հիվանդանոց՝ Վայոց ձորի մարզպետի ընկերների կողմից ծեծված սպայի ընտանիքին տեսակցության։
«Վայոց ձորի մարզպետի լիազորությունները պետք է կասեցնեին գոնե մինչև քննության ավարտը։ Մենք վստահ ենք, որ նա էլ է այնտեղ եղել։ Ասում է՝ ես ապացույց ունեմ, որ այնտեղ չեմ եղել, մեր բակի տեսախցիկները ֆիքսել են, թե չէ մենք չգիտենք, որ կարող ես հետ ու առաջ անել, ջնջել այդ տեսանյութերը: Մենք պահանջում ենք արդար քննություն, եթե մեղավորները օրենքի առաջ պատասխան չտվեցին, և եթե Արա Մխիթարյանին ինչ-որ բան պատահի, մեղավորները թող սեփական կամքով փախնեն Նախիջևան, թե չէ լավ չի լինելու»,- ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։
Նրանց խոսքով՝ դեպքի բոլոր մասնակիցներն էլ խմած են եղել, միայն այն հանգամանքը, որ մարզպետի ընկերներն էլ են խմած եղել, թաքցվում է։ «Մենք չենք ժխտում, բոլորն էլ խմած են եղել, բայց դա առիթ չէ, որ սպայի վրա քար շպրտեն, նրանք՝ այդ լակոտները, ովքեր չեն ծառայել, իրավունք չունեին անգամ սպային թարս նայել»,- ասաց զորացրված սպաներից մեկը։
Սպաներին զայրացրել է նաև այն փաստը, որ, ըստ իրենց, Վայոց ձորի մարզպետը սպառնացել է այն մարդկանց, ովքեր կտան իր անունը։ «Իր Ֆեյսբուքի էջում գրել է՝ ով իմ անունը կտա՝ պատասխան է տալու։ Սպառնում է վկաներին»,- ասաց զորացրված սպաներից մեկը։
Հավաքվածները վստահ են՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի Տրդատ Սարգսյանին հեռու պահեն այս գործից: Նրանք պահանջում են արդար քննություն, և, որ Գլխավոր դատախազն անձամբ այս գործն իր հսկողության տակ վերցնի։ Նրանք վստահեցնում են՝ եթե մեղավորները պատասխան չտան օրենքի առաջ, պատասխան են տալու այլ ձևով։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ