««Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակից: Ռոբերտ Քոչարյանի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:

Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը:

Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության:
Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:

Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում:

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն:

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք»:

Տեսանյութեր

Լրահոս