Վարչապետի որոշումը «դուխով» չե՞ն կատարում, թե՞ վարչապետին պետք էլ չէ, որ կատարեն
168.am-ն այս տարվա մայիսի 8-ին գրել էր, որ վարչապետ դառնալուց հետո՝ 2018թ. սեպտեմբերին, Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի կրճատման մասին:
Այսինքն՝ ենթադրվում էր, որ, վարչապետի բնորոշմամբ, ոչինչ չանող այդ կառույցները պետք է կրճատվեն բյուջեի խնայողություններ կատարելու համար։
Այսպես, հավանաբար այդ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը 2019թ. մարտի 21-ին որոշում ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, ՀՀ գյուղնախարարությանը գործառույթներ վերապահելու և ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
Այդ որոշման 4-րդ կետով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվում էր սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում՝ հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով, ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։
Ինչևէ, մարտի 21-ից արդեն բավականին ժամանակ է անցել, 15-օրյա ժամկետից տասնյակ անգամներ շատ օրեր, և ըստ տրամաբանության՝ այդ ԾԻԳ-ը վաղուց պետք է փակված լիներ, սակայն նշված ԾԻԳ-ը դեռ հայտարարություններ է տալիս։
Այսպես, սեպտեմբերի 9-ին raed.am կայքում հայտարարություն է տեղադրված, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը իրավասու և որակավորման չափանիշերին համապատասխանող կազմակերպություններին հրավիրում է հայտեր ներկայացնել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Այսինքն՝ ստացվում է, որ մարտի 21-ից այս ԾԻԳ-ը պետք է փակվեր և առհասարակ որևէ գործունեություն չծավալեր, սակայն շատ լավ ու ինտենսիվ էլ աշխատում է։ Փաստորեն, գործ ունեինք ժողովրդի ականջների համար հնչած հերթական պոպուլիստական հայտարարության հետ, իսկ իրականության մեջ ամեն բան ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ։
Ինչպես արդեն ամիսներ առաջ էինք նկատել, սա հերթական շոուն էր, սակայն իրականում վարչապետին ու կառավարությանն այնքան էլ պետք չէր դրանք լուծարելը, այլապես կառավարության որոշումը չկատարելու համար «փռել-ծեփել» օպերացիայի շրջանակներում արդեն իսկ զոհեր կունենայինք։
Գոհար Սավզյան