Ձայների 99,8 տոկոսի հաշվումից հետո Նաթանյահուի կուսակցությունը երկու տեղ է զիջում հիմնական մրցակցին
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 22-րդ գումարման Կնեսետի (խորհրդարան) սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում, ձայների 99,8 տոկոսի հաշվման արդյունքներով խորհրդարանական երկու աթոռ է զիջում հիմնական մրցակցին՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Գրեթե վերջնական» տվյալների համաձայն, «Կախոլ-Լավան»-ը 33 աթոռ է ստանում 120-տեղանոց Կնեսետում, «Լիկուդ»-ը՝ 31:
Երրորդ տեղում «Միավորված արաբական ցուցակն» է, որին կհատկացվի 13 պատգամավորական մանդատ: Խորհրդարանում ինն աթոռ կստանա ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, ութական տեղ՝ ռուսախոս իսրայելացիների «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը՝ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, եւ «Տորայի միավորված հուդաիզմ» ծայրահեղ ուղղադավան կուսակցությունը: Խորհրդարանում պատգամավորներ կունենան եւս մի քանի կազմակերպություններ: Ընտրություններին մասնակցել է 29 կուսակցություն:
Ինչպես նշում է Իսրայելի Kan պետական ռադիոն, կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները, արաբական դաշինքի աջակցությամբ, որը նախկինում երբեք կառավարության մաս չի կազմել, կարող են ակնկալել Կնեսետի 57 պատգամավորի աջակցությունը: Աջ եւ կրոնական կուսակցությունները, որոնց վրա հենվում է Նաթանյահուն, 55 տեղ են վերահսկում խորհրդարանում: Ո՛չ կենտրոնամետները, ո՛չ էլ աջերն առայժմ ի վիճակի չեն կազմել նվազագույն անհրաժեշտ 61 պատգամավորից բաղկացած կոալիցիա: Սպասվում է, որ ձայների հաշվման վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին: Ինչպես նշում է ԿԸՀ-ն, դա կապված է այն բանի հետ, որ անհրաժեշտ է ավարտել աշխատանքը 14 տեղամասում, որտեղ խախտումներ են գրանցվել եւ գանգատներ են ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: