«Արմատական» ընդդիմությո՞ւն, թե՞ «քաղաքական սիրախաղ»
Քաղաքական իրադարձությունների ու զարգացումների քրոնիկոնին հետևելով՝ հաճախ ենք համոզվում, որ քաղաքականության և բարոյականության նորմերի հատման եզրագիծը շատ մոտ է միմյանց, և դրանք խախտվում են պարբերական հաճախականությամբ։ Շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են նախկին դաշնակիցները հայտնվում հակադիր բևեռներում՝ ելնելով ինչ-ինչ կուլիսային անհամաձայնություններից, կամ հակառակը՝ միմյանց հակադիր քաղաքական ուժերը սկսում են զբաղվել յուրահատուկ «քաղաքական սիրախաղով»։
ՀՀ քաղաքական դաշտի վերջին 30 տարիների գործընթացների վրա հայացք նետելիս ակնհայտ է դառնում, որ նման պատկերների պակաս ոչ միայն չի եղել, այլ շատ հաճախակի է եղել։ Որպես կանոն՝ այդ քաղաքական քծնանքները տեղի են ունենում իշխող քաղաքական ուժի շուրջ. ինչպես ասում են՝ քծնանքի ու շողոքորթության բոլոր ճանապարհները տանում են դեպի իշխանական բուրգ։
Ահա այս ամենի մասին պատկերացում ունենալով՝ զարմանալի չէ, թե ինչ է տեղի ունենում այսօրվա իշխող ուժի շուրջ, երբ քաղաքական դաշտում որոշակիորեն կայացած կամ չկայացած ուժերը փորձում են որևէ կերպ ասոցիացվել Փաշինյանի քաղաքական համակարգի հետ, մոտ գտնվել։ Լրիվ այլ կոմեդիայից է «Լուսավոր Հայաստանի» վերջին օրերին կտրուկ ձևափոխված քաղաքական ռևերանսը, ինչին առանձին դրվագներով ականատես են դառնում շատերը։
«Ելք» դաշինքի ձախողումից և իշխանազավթման օրերին ցուցաբերած հայտնի դիրքորոշումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առանց իր պառլամենտական «դաշնակիցների» աջակցության ձևավորեց իր սեփական քաղաքական օրակարգը, «Լուսավոր Հայաստանը» հասկացավ, որ իր ընտրած հայտնի «երրորդ ուղու» տեսությունը փուչիկ է, իսկ դեպի իշխանություն տանող «ճեպընթացն» արդեն սլանում է բավականին արագ։ Այդ ժամանակ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նրա թիմակիցները հավանաբար հասկացան, որ պետք է վերանայել իրենց քաղաքական տեսլականը, և բավական հաջող կերպով դիրքավորվեցին ընդդիմադիր սեկտորում՝ փորձելով ստանձնել «կայացած և ինստիտուցիոնալ ընդդիմության» դերը։ Ահա այդ ժամանակ էր, որ ներքաղաքական շրջանակներում և սոցցանցերում այդ քաղաքական ուժին որակեցին՝ որպես «կլասիկ ֆեյք» քաղաքական միավոր, որը ոչ մի ռեալ ու ռացիոնալ արդյունք դեռևս չի գրանցել։ Գուցե թե այդ ձևակերպումը «կլասիկ» բառի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց «Բարգավաճ Հայաստանի» կողմից։ Ավելին, ԱԺ-ում այս երկու քաղաքական ուժերն առաջին իսկ օրից թեժ պայքարի մեջ են, թե նրանցից որն է իրական ընդդիմադիրը, որը՝ ֆեյք ընդդիմադիրը։ Հիշեցնենք Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հեռուստաբանավեճը։ Ծառուկյանը Հ1-ի եթերում հարցնում էր՝ «Ծառուկյանը հասել ա ամեն ինչի իր անձնական վաստակած գումարով, բայց դու, պարոն Մարուքյան, մինչև էսօր, բացի խոսալուց, ի՞նչ եք արել»:
– Ես կլասիկ պատգամավոր եմ,- պատասխանում է Մարուքյանը։
– Չէ, ի՞նչ ես արել, քո կլասիկ ցավն էլ տանեմ, ի՞նչ ես արել,- հակադարձում է Ծառուկյանը։
Այդ օրվանից «կլասիկ» արտահայտությունը ներքաղաքական շրջանակները գործածում են «Լուսավոր Հայաստանի» մասին խոսելիս։
Ինչևէ։ Չնայած այն փաստին, որ իշխանությունները բացահայտ արհամարհական ու ոչ գործընկերային քաղաքականություն են վարում «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ (դա հատկապես շատ ավելի լավ է արտացոլվում խորհրդարանում ընթացող բանավեճերին ու ռեպլիկների դրսևորումներով, Մխիթար Հայրապետյանի մուննաթը, Նիկոլի ձեռքով՝ «բա դուք 18 հոգով ստեղ ի՞նչ ենք անում» հայտարարությունը, և այլն), նրանք կարծես թե դեմ չեն, ինչպես ասում են՝ «տակից» ծառայել Փաշինյանի դիկտատուրային։
Այսպիսով, բոլորովին վերջերս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել երկու օրենսդրական նախաձեռնություն՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք նախ կառավարության կողմից ստացան դրական գնահատական, այնուհետև՝ գլխադասային հանձնաժողովում ստացած դրական եզրակացությունից հետո, ԱԺ քառօրյայում անցավ առաջին ընթերցումը։
Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են ղեկավարել նաև քաղաքացիական անձինք, այսինքն՝ համակարգի աշխատակից լինելը պարտադիր պայման չի լինելու այլևս։ Համաձայնեք, որ սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկող ու նրա քաղաքական կուրսից բխող նախագիծ է, քանի որ վերջին հրաժարականների շարքը և մամուլում շրջանառվող տեղեկությունները և թեկնածուների անունները վկայում են այն մասին, որ սա մի տեսակ «պատահական զուգադիպություն է»։
Այսինքն՝ ստացվում է այնպես, որ իշխանությունների համար գերկարևոր մի փուլում, երբ օրակարգում առաջ է բերվում ուժային կառույցներում «սվոյ» կադրերի անհրաժեշտությունը, միանգամից, հանկարծակի, թեմայի մեջ է մտնում «խորհրդարանական օպոզիցիան» և ԱԺ օրակարգ է բերում «ընդդիմության նախաձեռնությունը»։
Սրանից բացի, վերջին օրերի մամուլի հրապարակումներին ու մեկնաբանություններին հետևելով՝ տեսնում ենք, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանի» «գունդը» մի յուրահատուկ «սիրախաղ» սկսել և ամեն կերպ հաճոյանում Նիկոլ Փաշինյանին։ Կուսակցականների ակտիվացումից հետ չի մնում նաև կուսակցապետ Է. Մարուքյանը, ով իր «լայվ»-ային անդրադարձներում փորձում է հաճոյանալ «հրամանատարին» և պահել «գիծը», ինչը նկատելի է անգամ անզեն աչքով։
Այս ամենը հատկապես զավեշտալի է դառնում, եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, թե ինչպես Փաշինյանը Մարուքյանի «վրայից» տարավ Արման Բաբաջանյանին, ով բացահայտ կերպով ակտիվացել է և ներկայումս իր առանձին քաղաքական օրակարգն է ձևավորում։ Մարուքյանը, ինչ խոսք, հասկանում է այս ամենը, սակայն կամ չի կարողանում դիրքորոշում ցուցաբերել, կամ ուղղակի չի ուզում վարչապետի աչքի փուշը դառնալ։
Ստացվում է այնպես, որ «Լուսավոր Հայաստանը» դարձել է իշխանություններին սպասարկող մի կառույց, որը նկատում են նաև այդ քաղաքական ուժի շարքերում։ Նրանցից ոմանք դա արդարացնում են՝ ասելով՝ «Չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր»։ Մնում է հասկանալ՝ ում և որ շահի մասին է խոսքը։
Արման Գալստյան