Թանգարանի փոխտնօրենը պատասխանում է նախկին աշխատակցին
Հիսուսից առավել քրիստոնյա, թե± Հռոմի պապից առավել կաթոլիկ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Գրիգորյանը փորձում է Հիսուսից առավել քրիստոնյա կամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Մամուլը հեղեղվել է նրա ֆեյսբուքյան գրառումներով: Երևում է, որ գրառման հեղինակը տեղյակ չէ, որ տնօրենի ընտրության մրցույթը գաղտնի պահելու և մրցակից կամ այլ մասնակից չլինելու անհրաժեշտություն չկա, քանի որ, եթե երկրորդ մասնակից չլինի, մրցույթը չի կայանա: Հայոց ազգագրության թանգարանի նախկին աշխատողը պնդում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղյակ չեն, որ «տնօրենի մրցույթը հույժ գաղտնի է անցնում»: Ինչպիսի մարգարեությո՜ւն և խորագիտությո՜ւն: Մրցույթը կազմակերպող լիազորված պետական մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հավուր պատշաճի իրականացրել է մրցույթի կարգից բխող պայմանները՝ մրցույթն անցկացնելուց 30 օր առաջ, 5-օրյա պարբերականությամբ, առնվազն 2 անգամ հրապարակել է մամուլի և զանգվածային լրատվության միջոցներով և տեղադրել իր պաշտոնական ինտերնետային կայքէջում: Ինչ վերաբերում է թանգարանին, ապա այն իր ֆեյսբուքյան էջում տնօրենի մրցույթի մասին հայտարարություն տեղադրելու պարտավորություն չունի:
Մրցույթը ազատ է և դրան կարող է մասնակցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ, աշխատանքային փորձ ու հմտություններ ունեցող ՀՀ քաղաքացին, այդ թվում նաև թանգարանի ներկայիս տնօրենը, ով, ի դեպ ունի կառավարման ավելի քան 20 տարվա փորձ և խորը գիտելիքներ թանգարանագիտության ոլորտում, հեղինակ է մշակութային ժառանգության պահպանությանը և մշակութային քաղաքականության վերաբերող մի շարք օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի, մասնակցել է արտասահմանում կազմակերպված թանգարանագիտական բազմաթիվ դասընթացների:
Թանգարանի նախկին աշխատակից Խորեն Գրիգորյանին պիտի վհատեցնեմ, փաստելով, որ թանգարանը աշխատել և աշխատում է, ունի նկատելի հաջողություններ. փոփոխություններ և համալրումներ են կատարվել Հայոց ազգագրությանը նվիրված ցուցադրության մեջ, տեղադրվել են եռալեզու բացատրակներ: Պետք է հավկուրությամբ տառապել՝ չտեսնելու համար այն ձեռքբերումները, որ ունի կազմակերպությունը շնորհիվ իր աշխատակազմի նվիրյալ անդամների: Մի բան պարզ է՝ որտեղ Խ.Գրիգորյանը հայտնվում է՝ դիրքերն փոքր-ինչ ամրապնդվելուց հետո, այդ կառույցում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում: Հավանաբար մոռացել է իր արտոնյալ վիճակը թանգարանում, ուր «աշխատելիս» ավելի շատ շրջագայում էր, քան հաճախում աշխատանքի:
Մի քանի տարի է, ինչ չի աշխատում կազմակերպությունում, սակայն շարունակ «ճահիճ չորացնելու, ռեստարտ անելու» կոչեր է անում: Էներգիան պետք է ծախսել գիտական գործունեության մեջ կամ էլ անհրաժեշտ ջանք ու եռանդ ներդնել իրեն վստահված միջոցառումը գոնե բավարար մակարդակով կազմակերպելու համար: Հարկավոր չէ թաքնվել անընդհատ փոփոխվող գիտական ղեկավարի թիկունքում: Այոˊ, երկրում իրավիճակ է փոխվել և պետք չէ մարդկանց ահաբեկել իշխանավոր կուրսեցիներով: Հարկավոր է սթափվել: Ցեխ շպրտողի ձեռքերն են հաճախ մնում ցեխոտ: Հարկավոր է, նախ, հայերեն անսխալ գրել սովորել, կայանալ որպես մասնագետ, գնահատել ավագներին և շատ բարձր չթռնել, քանի որ անկումը շատ ցավոտ կարող է լինել:
Հայոց ազգագրության թանգարանը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ազգագրական բնույթի միակ խոշոր թանգարանը և ունի նկատելի ձեռքբերումներ թանգարանային գործունեության տարբեր ոլորտներում:
ՀՀ հնագիտության և ազգագրության, պատմության ինստիտուտների հետ թանգարանի գիտական համագործակցությունը դրսևորվում է համատեղ կազմակերպվող գիտական նստաշրջանների, կլոր սեղանների, գիտարշավների, միասնական ծրագրերի իրականացմամբ:
2008-2019 թթ. թանգարանն իր գործունեությունն իրականացրել է մի շարք ուղղություններով: Կազմակերպվել է 40-ից ավելի ժամանակավոր ցուցահանդես, որոնց գերակշիռ մասը ազգագրական բնույթի են: Գիտական գործունեության բնականոն ընթացքն ապահովելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել և գործողության մեջ են դրվել Գիտամեթոդական խորհրդի և այլ խորհրդակցական մարմինների կանոնակարգերը, գիտական աշխատողի գործունեության ծրագիրը, գիտահետազոտական գործունեության կարգը, մշակվել են գիտական գործունեության տարբեր ուղղությունների՝ գիտացուցադրական և ցուցահանդիսային, գիտահետազոտական, գիտաֆոնդային, գիտահավաքչական և գիտալուսավորական՝ աշխատանքների անհրաժեշտ ծավալի ու որակի չափելիությունն ապահովող աշխատանքի նորմատիվ գործակիցներ: Դեռևս 2012 թվականի դեկտեմբերին Համագործակցության փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և թանգարանի միջև: Այս տարի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել է ականավոր ազգագրագետ և թանգարանի գիտական գործունեության գործում մեծ ավանդ ունեցած Յուրի Մկրտումյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողով՝ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի և թանգարանի փորձառու ու երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ: 2008-ից մինչև 2018թվականը թանգարանն առաջադրվել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության առաջատար կազմակերպություն և գրվել է 42 կարծիք ատենախոսական թեմաների վերաբերյալ, որոնք ներկայացվել են բարձրագույն որակավորման կոմիտե՝ երբևէ առարկության չհանդիպելով և անկախ որևէ մեկի կարծիքի, կազմակերպության գիտական վարկանիշի ցուցիչ են:
Հրատարակվել են ազգագրական բնույթի կատալոգներ, գրքեր և գրքույկներ: Հավատարիմ թանգարանի առաքելությանը՝ կազմակերպվել և այսօր էլ կազմակերպվում են ազգագրական և հնագիտական բնույթի դասախոսություններ, իրականացվում են ազգագրական կրթական ծրագրեր հայոց ինքնության կարևոր բաղկացուցիչների՝ տարազի և ազգային խոհանոցի, ավանդական տոնացույցի և արհեստագործությունների վերաբերյալ: Վերջերս թանգարանը Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության անվանակարգում ստացել է դրամաշնորհ Արմավիրի մարզում «Կորուսվող ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցանում» ծրագիրն իրականացնելու համար:
Բարձր գնահատելով հայ ազգագրության երախտավորներին թանգարանում դեռևս 2013-ից հիմնվել է «Երվանդ Լալայան -150» հուշամեդալ, նրա անունով է կոչվել թանգարանի նիստերի դահլիճը: Մասնագիտական հարուստ գրադարանը համալրելու նպատակով ձեռք է բերվել ականավոր ազգագրագետ Է. Կարապետյանի գրքերի հավաքածուն:
Տարեցտարի աճում է թանգարանի այցելուների թիվը, որը թանգարանային գործունեության կարևոր ցուցիչ է: Տարեկան միջին հաշվով 30000 այցելու է գալիս մեր թանգարան և հեռանում հիացմունքով: 2019 թվականի հունվարից առ այսօր թանգարան են այցելել հայաստանցի և օտարերկրյա ավելի քան 20 հազար այցելու: Հայոց ազգագրության թանգարանը գտնվելով մայրաքաղաքից 60 կմ հեռավորությամբ՝ այցելուների պակաս չունի: Մայրաքաղաքի որոշ թանգարաններ տարեկան չունեն այնքան այցելուներ, որքան Հայոց ազգագրության թանգարանը: Նախ նշենք, որ «սովորական տուն-թանգարաններ» չեն լինում և երկրորդ՝ առնվազն կոռեկտ և ճիշտ չէ հանրապետական նշանակության թանգարանը համեմատել այլ թանգարանների հետ:
Թանգարանում վարվում են հայերեն և օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով ընդհանուր և թեմատիկ որակյալ էքսկուրսիաներ: Թանգարանում աշխատում են համապատասխան մասնագիտական կրթություն ստացած փորձառու և երիտասարդ գիտաշխատողներ, ֆոնդապահներ և էքսկուրսավարներ:
Թեև պետք է խոստովանել, որ ազգագրական, մշակութաբանական կադրերի պակաս այսօր նկատելի է, քանի որ համալսարանական կրթություն ստանալիս հրապուրվում են արդիական, մոդեռն թեմաներով և բաց է մնում ավանդական մշակութային ժառանգությամբ զբաղվող երիտասարդ մասնագետների պատրաստման հարցը: Թանգարանի դռները միշտ բաց են համապատասխան մասնագիտական ներուժ ունեցող փորձառու և երիտասարդ կադրերի առաջ և թափուր հաստիքների դեպքում մշտապես հայտարարվում է մրցույթ: Անելիքները շատ են և համակարգային խնդիրներով հանդերձ թանգարանը գործում է բնականոն՝ նոր մարտահրավերներին ընդառաջ:
Որքանով մեզ հայտնի է թանգարանի տնօրենի մրցույթը դադարեցվել է ոչ թե «իրավական հիմքերի» բացակայությամբ, այլ՝ տեխնիկական պատճառներով: Զարմանալի է, որ մեր թանգարանի գործունեության մասին պատկան մարմիններում հարցեր են բարձրացնում մարդիկ, ովքեր առնվազն 40 տարի թանգարանում չեն եղել և չեն աշխատել որևէ թանգարանում, որպեսզի կարողանան զատորոշել թանգարանային գործունեության առանձնահատկությունները: Եվ հետևողական պետք է լինել, նախ և առաջ, պաշտոնական պարտականությունները պատշաճ և յուրաժամ կատարելու, թանգարանային գործունեության զարգացմանը նպաստելու, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածելու մեջ: Արդեն քանիցս խախտվում է Թանգարանային աշխատողի բարոյական կոդեքսը՝ անձնական ամբիցիան գերադասելով կազմակերպության գերակա շահից:
Առջևում թանգարանի տնօրենի մրցույթն է և թող հաղթի այն թեկնածուն, ով ունի համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, փորձ և խարիզմա, քանի որ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն լինելը ծանր պարտականություն է, փորձություն, և բնավ ոչ՝ արտոնյալ վիճակ: Դրա համար անհրաժեշտ են նորմատիվ-իրավական ակտերի իմացություն, մասնագիտական խորը գիտելիքներ, կառավարման, ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող հմտություններ և ունակություններ, անձնակազմի տարաբնույթ աշխատանքների համադրում, կազմակերպության զարգացման և բարեփոխումների հայեցակարգի մշակման հմտություն: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն պիտի լինի այն մարդը, ով իրապես սիրում է իր հայրենիքը, գնահատում և արժևորում է հայոց մշակութային ժառանգությունը, չի խորշում «հայու գենից» և չի սնվում այլ կերակրատաշտից և որ կարևոր է՝ հավատարիմ է Սարդարապատի խորհրդին և պատգամներին:
Սվետլանա Պողոսյան
Հայոց ազգագրության թանգարանի գիտգծով փոխտնօրեն, պ.գ.թ., ազգագրագետ