«Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի գլխավոր պատճառը «թավշյա հեղափոխության» արդյունքների բացակայությունն է». Տրոֆիմչուկ

«Նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Նա հայտարարության մեջ նշել  էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Տրոֆիմչուկը նշեց, որ որքան էլ տարօրինակ հնչի, բայց Արթուր Վանեցյանի հրաժարականը բավականին պարզ է թվում: Ըստ նրա, նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները:

«Հենց այդ պատճառով Վանեցյանը ենթարկվեց ակնթարթորեն, տոտալ և բիրտ քննադատությունների, այսպես կոչված, «սորոսականների» կողմից, որոնք կգնան մինչև վերջ: Ուստի այս ամենում ես չէի փորձի փնտրել ինչ-ինչ այլ պատճառներ, առավել ևս՝ հաշվի առնելով հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը: Վանեցյանն ընտրեց իր համար հարմար պահը»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ռուս քաղաքագետը նշեց, որ տեղի ունեցողի գլխավոր պատճառը, այդ թվում՝ իշխանության պառակտումը, «թավշյա հեղափոխության» արդյունքների բացակայությունն է: «Խոսքը ոչ թե դեկլարատիվ, այլ այնպիսի արդյունքների մասին է, որոնք հայ ժողովուրդը կարող է ձեռքերով շոշափել: Բացի դրանից, չկան և չեն կարող լինել ակնհայտ արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչը հիանալի կերպով հասկանում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Վանեցյանն է: Ես, որպես փորձագետ, բազմիցս նշել եմ, որ ժողովրդավարությունն ու լիբերալիզմն օրգանական կերպով փոխկապակցված են կոռուպցիային, դուր գա դա ոմանց, թե ոչ: Որպեսզի դրա դեմ պայքարն արդյունավետ լինի, հարկավոր է կառուցել ոչ թե արևմտյան տիպի ժողովրդավարություն, այլ սոցիալիզմ: Բայց ինչպես հայտնի է մեզ՝ նման նպատակներ «թավշյա հեղափոխությունն» իր առջև չի դրել»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահը նշեց, որ Վանեցյանը, բնականաբար, ռուսամետ ֆիգուր չէ, նման ֆիգուրներ հայկական նոր իշխանությունների շրջապատում չեն եղել:

«Պարզապես Վանեցյանն ի սկզբանե հասկանում էր, գաղտնալսված հեռախոսազրույցները ևս դա հաստատում են, որ կտրուկ, քաոտիկ գործողությունները լուրջ հարցերում, ինչպիսին, օրինակ, ՀԱՊԿ-ն է, Հայաստանին մեծ և նույնիսկ, հնարավոր է, անուղղելի վնաս հասցնեն, այդ թվում՝ լարված հարաբերություններ ոչ միայն՝ Մոսկվայի, այլև՝ Նուր-Սուլթանի, Մինսկի և մնացածի հետ: Ի վերջո, ԱԱԾ տնօրենն առաջինը պետք է դա հասկանար: Բայց կարծում եմ, որ հայաստանյան իշխանության ներսում ռուսամետ ֆիգուրներ հիմա կսկսեն հայտնվել, քանի որ այն, ինչի մասին Վանեցյանն իր հայտարարության մեջ գրել էր՝ հախուռնությունը, տարերայնությունը, ամեն դեպքում առկա են:

Նոր խնդիրը, որը վարչապետի կողմից դրվել է պաշտոնից հրաժարված Վանեցյանի առջև, ժպիտ է առաջացնում, եթե չասենք, որ ծաղրուծանակի է նմանվում: Ռուսական շրջաններից մեկում տեղական բարձրաստիճան ղեկավարներից մեկին հրաժարականից հետո նշանակել էին կրկեսի տնօրեն:

Կարծում եմ, այստեղ նմանատիպ իրավիճակ է: Վանեցյանը, իհարկե, նախկինում ևս վերահսկում էր հայկական ֆուտբոլը, բայց հայկական հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն այս ֆոնին բավականին տարօրինակ է թվում: Լավ է, որ աշխարհի գավաթի եզրափակիչ չէ»,- նկատեց փորձագետը:

Գրիգորի Տրոֆիմչուկը գտնում է, որ Հայաստանի իշխանությունների համար այս հրաժարականն առանձնահատուկ հետևանքներ չի ունենա, քանի որ իշխանության գոյությունն առավել լուրջ և մեծ հարց է, քան նման բարձրաստիճան չինովնիկի հրաժարականը, առավել ևս՝ երբ այս հրաժարականը վերջինը չէ: «Սակայն Նիկոլ Վովաևիչն այս ամենից կարող էր համապատասխան հետևություններ անել՝ կանխելով քաղաքական իրադարձությունների բացասական զարգացումը, ուղղելով դիրքորոշումը մի շարք առանցքային ռազմավարական ուղղություններով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս