Բաժիններ՝

Հայտնի բանդայի գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հայտարարել է մի շարք ավազակային հարձակումների գործի նախաքննության ավարտի մասին: Կողմերին 15-օրյա ժամկետ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:

«Փաստինֆոյի» տվյալներով` գործով մեղադրյալները 6-ն են՝ Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը:

Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:

Ըստ նախաքննության վարկածի՝ հիմնավորվել է, որ Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը եղել են բանդայի անդամներ:

Կարդացեք նաև

Մասնավորապես, Սամվել Դավթյանը մասնակցել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաեւ Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կրակոցներ արձակելու մեջ:

Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ, իսկ Դավիթ Գալստյանը՝ Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը մասնակցելու մեջ:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, վաղ առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ՀՀ ոստիկանությունը վնասազերծել էր հանցավոր մի ավազակային խմբի, որի անդամների մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիմակներ, ինքնաձիգեր, ատրճանակներ, թմրանյութեր էին հայտնաբերվել: Հենց այդ խումբն էլ կասկածվում է Երևանում վերջին շրջանում բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների բնակարաններում գողություն կատարելու մեջ: Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ այդ խմբի ձերբակալությունից առաջ դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել էր, որ Երևանում կազմակերպված հանցախումբ է գործում, և հրահանգել էր միավորել ավազակային հարձակման 5 դեպքերի քրեական գործերը և այն վերաորակել որպես ավազակային հարձակում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս