Զիմբաբվեի իշխանությունները և Մուղաբեի ընտանիքը չեն կարողանում համաձայնեցնել նրա թաղման վայրը
Զիմբաբվեի կառավարությունը եւ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ այն բանի շուրջը, թե որտեղ պետք է թաղվի պետության նախկին ղեկավարը: Ըստ որում, ինչպես սեպտեմբերի 9-ին հայտնել է բրիտանական BBC մեդիախումբը, հուղարկավորության օրը համաձայնեցված է. այն կկայանա առաջիկա հանգստյան օրերին։
Մեդիախմբի տվյալներով՝ կառավարությունը որպես նախկին նախագահի թաղման վայր առաջարկել է Հարարեի ազգային գերեզմանատունը, որը հայտնի է որպես «Ազգային հերոսների ակր»: Այն ունի ազգային պանթեոնի կարգավիճակ: Իրենց հերթին, Մուղաբեի հարազատները պնդում են, որ նա հողին հանձնվի իր հայրենի Քութամա գյուղում՝ մայրաքաղաքից 85 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես, իր հերթին, նշում է Հարավային Աֆրիկայի SABC ռադիոկայանը, անցած հանգստյան օրերին կոնսուլտացիաներ են տեղի ունեցել Մուղաբեի ընտանիքի եւ կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ հուղարկավորությունը տեղի կունենա պետական ձեւաչափով, դրան ներկա կլինեն Զիմբաբվեի ներկայիս նախագահ Էմերսոն Մնանգագվան եւ բազմաթիվ հրավիրվածներ աշխարհի այլ երկրներից: Սակայն թաղման վայրը տակավին հաստատված չէ: Ռոբերտ Մուղաբեի դիով դագաղը, որը վախճանվել է սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում Սինգապուրի հիվանդանոցում, հայրենիք կտեղափոխվի սեպտեմբերի 11-ին: Մինչ այդ հուղարկավորության վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծված լինեն:
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան սեպտեմբերի 6-ին երկրում հայտարարել սուգ, որը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ Մուղաբեի դին չի հանձնվել հողին: Միաժամանակ պետության ղեկավարը հայտնել է, որ կառավարող կուսակցությունը նախկին ղեկավարին ազգային հերոսի կոչում է շնորհել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



