«Հայաստանի հասարակության լուռ «3,5 տոկոս»-ները»
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի հասարակության լուռ «3,5 տոկոս»-ները:
Օրերս ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանելով «թեժ աշնան» մասին լրագրողներից մեկի հարցումին հայտարարեց, որ ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել:
Իրականության մեջ Վլադիմիր Կարապետյանը ճիշտ է: Ընդդիմության և մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հանրահավաքները մարդաշատ չեն (իհարկե, առայժմ), ինչը նկատի առնելով դեռևս գոյատևող հետհեղափոխական միջավայրն այնքան էլ անբնական չի կարող համարվել:
ՀՀ վարչապետի խոսնակին ընդդիմության հանրահավաքների ոչ մարդաշատ լինելուց ավելի շատ պիտի հետաքրքրի կամ ավելի ճիշտ մտահոգի, իշխանության աջակիցների քանակի կայծակի արագությամբ նվազումը:
Բոլորը կարող են հաստատել, որ անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ համախմբվեցին ՀՀ ԱԺ-ի շենքի դիմաց, իսկ այս տարվա մայիսին՝ ընդամենն ութ ամիսներ անց, դատարանների մուտքերը փակելուն վարչապետի նմանատիպ կոչին, չնայած պետական բոլոր ռեսուրսների օգտագործման, արձագանքեցին արդեն հազիվ մի քանի հարյուր հոգու հասնող քաղաքացիներ:
Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը վստահաբար հիշում է, որ 2018 թվականի մարտի 31-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց իր հայտնի քայլերթը, նրան ընկերակցող աջակիցների թիվը չէր գերազանցում ձեռքերի մատների թիվը:
Կարելի է ենթադրել, որ այդ օրերին ժամանակի իշխանական շրջանակներում էլ նման արհամարհանքով էին անդրադառնում Նիկոլ Փաշինյանի քայլերթին:
Այս տարվա մայիսին բրիտանական BBC-ն հրապարակել է վերջին տասնամյակներում տեղի ունեցած հեղափոխությունների, ընդվզումների ու իշխանափոխությունների մասին մեկ ուսումնասիրության հետաքրքիր արդյունքները: Հոդվածը կրում է «The «3.5% rule»: How a small minority can change the world» կամ «3,5 տոկոսի օրենքը. Ինչպե՞ս մի չնչին փոքրամասնություն կարող է փոխել աշխարհը» խորագիրը:
Համաձայն այս հոդվածում առաջ քաշված գաղափարի, խաղաղ ցույցերի արդյունքի հանգելու հավանականությունը երկու անգամ գերազանցում է զինված բախումներով հագեցած բողոքներին և մասնավորապես ընդգծվում է, որ վերջին տասնամյակներում հաջողությամբ իշխանափոխության են հանգել ժողովրդային բոլոր այն շարժումները, որոնց մասնակցել է տվյալ երկրի բնակչության առնվազն 3,5 տոկոսը:
Այլ խոսքով համաձայն «3,5 տոկոսի օրենք»-ի ցանկացած հասարակության մեջ իշխանափոխության հանգելու համար բավարար է բնակչության 3,5 տոկոսի ակտիվացումը:
Այս օրենքը հաջողությամբ փորձարկվեց նաև Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հրապարակ հանելով բնակչության որոշակի հատվածին տիրանալ իշխանությանը:
Բայց չպիտի մոռանալ, որ ցանկացած հասարակության մեջ կարելի է գտնել շուրջ երեք տասնյակի հասնող նման «3,5 տոկոս»-ներ:
ՀՀ վարչապետի խոսնակը թող վստահ լինի, որ ընդդիմության իրական թիվն իր մատնանշած 20-ը չէ: Միայն իմ ֆեյսբուքյան ոչ մեծ թիվ կազմող ընկերների մեջ առնվազն հազարի հասնող ընդդիմադիր հայացքներով Հայաստանի ու նաև սփյուռքի քաղաքացիներ կան ու ամեն օր նմանատիպ գաղափարներով մարդկանցից ընկերության շուրջ տասը նոր հայտեր եմ ստանում և վստահաբար քիչ չեն իմ նմանները:
Համոզված եմ եղել ու շարունակում եմ համոզված մնալ, որ առայժմ լուռ դիտորդի դերում հանդես եկող մի քանի հարյուր հազարի հասնող հասարակություն գոյություն ունի Հայաստանում: Չեմ կասկածում, որ առաջիկա ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող տարբեր զարգացումների ֆոնին (Ամուլսար, Ստամբուլյան Կոնվենցիա, Արցախում ընտրությունները, Ռոբերտ Քոչարյանի մոտալուտ ազատության մեջ հայտնվելը, քաղաքային կառավարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ և …) ընդդիմությանը դժվար չի լինելու ակտիվացնել հասարակության առնվազն մի քանի «3,5 տոկոս»-ների:
Հ.Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հիշյալ հայտարարությունն ակամայից ինձ հիշեցրեց Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կառավարության տեղեկատվության նախարար (մամուլի խոսնակ) Մուհամմեդ Սաիդ ալ-Սահաֆի հարցազրույցները, որոնք ավելի շուտ ծիծաղ էին առաջացնում: 2003 թվականի մարտին երբ ամերիկյան տանկերն արդեն Բաղդադում էին, նա հավակնում էր թե քաղաքում ոչ մի ամերիկյան տանկ էլ չկա և կամ հայտարարում էր, որ ամերիկացի զորայինները հարյուրավորներով ինքնասպանություն են գործում:
Բաղդադի անկումից հետո նա կամավոր հանձնվեց ամերիկացի զորայիններին: Մինչ Իրաքի վարչակազմի նախկին շատ գործիչներ ձերբակալվելուց հետո դատվեցին ու ոմանք նաև մահապատժի արժանացան, Մուհամմեդ Սաիդ ալ-Սահաֆն ազատ արձակվեց ու նրան ոչ մի մեղադրանք էլ չառաջադրվեց: Նրան հենց այնպես էլ լուրջ չընդունեցին»:
https://www.facebook.com/robert.markarian/posts/10206409275186955



