Բաժիններ՝

«Արմավիայի» օդանավը կալանել են և պատրաստվում են դատական հայցի

«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայտարարել է, որ ընկերությունը հայկական «Արմավիա» ավիափոխադրողի հետագա գործողություններին է սպասում` վերանորոգման կանգնած Sukhoi Superjet-100-ից հրաժարվելու հետ կապված. Գրում է ռուսական «Իզվեստիան»:
Ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը նշել է, որ եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա իրենք հայկական ընկերության դեմ հայց կներկայացնեն դատարան:

Նրա խոսքով` ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն` վիճաբանության դեպքում խնդիրը կքննարկվի ռուսական միջնորդ դատարանում:

«Դատը կանցկացվի Ռուսաստանում, քանի որ պայմանագիրը կնքվել է ռուսական օրենքների համաձայն»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

«Արմավիա»-ն ռուսական ընկերության հետ երկու SSJ -100 օդանավեր ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է 2010 թվականին: Առաջին օդանավն այն ձեռք է բերել 2011-ի գարնանը և պետք է ևս մեկը ձեռք բերեր 2012-ի հունիսին: Սակայն այս շաբաթ հայկական ավիափոխադրողը հայտարարել է, որ հրաժարվում է ձեռք բերել նորոգման կանգնած օդանավը:
«Մենք նպատակահարմար չենք գտնում ձեռք բերել օդանավը, քանի որ մեկ տարվա շահագործման արդյունքում օդանավը վերանորոգման կարիք զգաց»,- երկուշաբթի հայտնել էին «Արմավիա»-ից:
Ի պատասխան, երեքշաբթի ՍՔԻ-ից հայտնել էին, որ հայկական ավիաընկերությունը չի մարել 4 մլն դոլար պարտքը: Նաև ավիափոխադրողին մեղադրեցին նրանում, որ չեն վճարվել օդանավի չերաշխավորված հատվածի նորոգման, պլանային տեխսպասարկման համար: Ռուսական ընկերությունից հայտնել էին նաև, որ օդանավն «Արմավիա»-ն մի քանի անգամ գրավադրել է հայկական բանկերից մեկում` չնշելով, թե որ բանկում:

«Արմավիա»-ն չի հերքել, որ ընկերությունը վարկ է վերցրել հայկական բանկերից մեկից առաջին SSJ-100-ը գնելիս, սակայն չի նշել, թե ինչպես է հայկական ընկերությունը պատրաստվում իրավաբանորեն ձևակերպել օդանավից հրաժարվելը:

Չորեքշաբթի  հարցին միջամտեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Առևտրի և արդյունաբերության նախարարությանը հանձնարարեց երկրի ԱԳ նախարարության և Օդանավաշինության միացյալ կորպորացիայի հետ մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության կողմից դրա շահագործման հարցը:

Եվ ահա այսօր «Արմավիա» ընկերության SSJ տեսակի օդանավերից հրաժարվելու որոշումն անսպասելի շրջադարձ ունեցավ: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»  ընկերությունը «Արմավիային» մեղադրել է պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ կալանելով օդանավը Ռուսաստանի տարածքում՝ չբացառելով, որ կարող է կալանք դնել ավիափոխադրողի այլ օդանավերի վրա եւս:

Երեկ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ֆինանսական գծով փոխնախագահ Եվգենի Կոնկովը հաղորդել է, որ «Արմավիան» չի կարողացել կատարել SSJ օդանավի վերաբերյալ կնքված պայմանագրի մի շարք պայմաններ, որոնք պետք է կատարված լինեին մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Ըստ պայմանագրի` հայկական ավիափոխադրողը, որը հրաժարվել է շահագործել և ձեռք բերել նախապես պայմանավորված երկրորդ օդանավը, պետք է կամ մարեր 4 միլիոն դոլար պարտքը, կամ պայմանագրի շրջանակներում ձեռք բերեր նոր օդանավ, կամ լուծեր պայմանագիրը և փոխհատուցեր ռուսական ընկերության պարտքը: Այս բոլորը չի կատարվել և «Արմավիայի» SSJ օդանավը, որն այս պահին նորոգելու նպատակով գտնվում է Ռուսաստանի տարածքում, չի վերադարձվի ավիաընկերությանը: Օդանավն այժմ գտնվում է ռուսական «Ժուկովսկի» օդանավակայանի տարածքում:
Եվգենի Կոնկովը նշում է, որ «Արմավիայի» SSJ օդանավը շահագործելուց հրաժարվելու որոշման հետ կարող են ծագել իրավաբանական խնդիրներ, քանի որ գնորդը այդ օդանավը մի քանի անգամ գրավադրել է՝ չնշելով, թե որ բանկերին: Ռուսական «Կոմերսանտ»-ի տվյալներով` դա «Արդշինինվեստբանկն» է: Բացի այդ, օդանավը «Արմավիային» տրվել է շուրջ $3,5 միլիոն վարկի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս