ԵՄ-ում ստեղծել են ահաբեկչության մեղադրանքով հետաքննվող գործերի միասնական բազա
ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գրանցամատյան (CTR) է ստեղծել՝ դատական ոլորտում մասնակից երկրների փոխգործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել են «Եվրոյուստ» եվրոպական մասնագիտացված գործակալությունում:
«Գրանցամատյանը թույլ է տալիս կենտրոնացնել հանգուցային դատական տեղեկատվությունը եւ պարզել կապերը ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողների նկատմամբ հետաքննությունների շրջանակում: Կենտրոնը գտնվում է «Եվրոյուստ» գործակալության շուրջօրյա ղեկավարման ներքո Հաագայում եւ ակտիվ աջակցություն է ցուցաբերում ազգային դատական մարմիններին»,-հայտնել են մամուլի ծառայությունում: Համակարգը կօգնի դատախազներին՝ ավելի ակտիվորեն կոորդինացնել հետաքննությունը եւ բացահայտել հետաքննվող տարբեր գործերի կապը «հնարավոր անդրսահմանային հետեւանքների հետ»:
«Ահաբեկչության դեմ պայքարի գրանցամատյանը կարեւոր քայլառաջ է ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այժմ, երբ ահաբեկիչներն ավելի ու ավելի շատ են գործում անդրսահմանային ցանցերում, ԵՄ-ն պետք է գործի նույն կերպ: Ապահովելով հետաքննությունների անդրսահմանային կապերի մասին օպերատիվ հետադարձ կապը, մենք կարող ենք ավելի լավ կոորդինացնել եւ արագացնել աշխատանքը»,-հայտարարել է «Եվրոյուստ»-ի ղեկավար Լադիսլավ Համրանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: