Ի՞նչ շահ ունեն իշխանությունները, երբ մերժում են հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությունը. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաեւ երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նշենք, որ ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն տվյալ կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները:
Նախագիծն ունի ՀՀ ընդերքի շահագործման բնագավառում թափանցիկության, հրապարակայնության, հանրային վստահության բարձրացման, ինչպես նաեւ հակակոռուպցիոն նպատակներ:
Կառավարության եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի եւ ներկայացվեցին մոտավորապես հետեւյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝
ա) միջազգային կազմակերպությունների ստանդարտներով այդ սահմանաչափը 20-25% է, օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում կանոնադրական կապիտալում առնվազն 10% ներդրումը, ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցություն է համարվում առնվազն 10%-ը;
բ) 10% սահմանաչափը հանելը կբերի գործառնական ծախսերի ավելացման, ծրագրային փոփոխությունների անհրաժեշտության եւ համակարգի արդյունավետության նվազման;
գ) եկեք սպասենք, նոյեմբեր ամսին, երբ 10%-ից ավելի մեծ բաժնետերերի ցուցակը հրապարակվի, հետո կքննարկենք;
դ) սահմանաչափը հանելը սխալ է, որովհետեւ մանր բաժնետերերը կարող են շատ լինել եւ նպատակահարմար չէ ամբողջ ցուցակը հրապարակել;
ե) եկեք սահմանաչափը ոչ թե հանենք, այլ նվազեցնենք:
Համաձայնեք, նշված փաստարկների գերակշռող մեծամասնությունը չի դիմանում որեւէ քննադատության: Չէ՞ որ ընդերքը Սահմանադրության ուժով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
Հանքաարդյունաբերության նկատմամբ հանրությունը շատ զգայուն է եւ ուշադիր: Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչու՞ են ՀՀ-ում գործում օֆշորային ընկերություններ, ովքե՞ր են բաժնետերերը եւ իրական շահառուները, ու՞ր է գնում այդ հարստությունը, ի՞նչ է ստանում պետությունը՝ ընդերքի շահագործման եւ շրջակա միջավայրը թունավորելու դիմաց, կան արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություններ:
Հանրությունն իրավունք ունի եւ պետք է ստանա այս հարցերի պատասխանները:
Հետեւաբար, կարծում եմ, որ եթե որեւէ կազմակերպություն հավակնում է զբաղվել ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանմամբ, նա պետք է բացահայտի իր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ բաժնետերերին, այլ ոչ թե միայն 10%-ից ավելի բաժնեմաս ունեցողներին, որովհետեւ՝
ա) հանքաարդյունաբերության մեջ նույնիսկ 10%-ը կարող է լինել շատ խոշոր գումար;
բ) այդ սահմանաչափը պահպանվելու դեպքում, բաժնետերերը կարող են տրոհել իրենց բաժնեմասը մի քանի մասի՝ խուսափելով բացահայտումից;
գ) հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են կանգնած իրենց ընդերքը շահագործողի հետեւում եւ ովքեր են իրական շահառուները;
դ) բացառություն կարող են կազմել միայն այն բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, կարող են ունենալ բազմաթիվ մանր ներդրողներ ամբողջ աշխարհից, որոնց բացահայտելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ընկերությունը արդեն համապատասխանում է թափանցիկության միջազգային ստանդարտներին, հետեւաբար հանրային վստահության խնդիր լինել չի կարող:
Ցավոք սրտի, նախագիծը մերժվեց քաղաքական մեծամասնության մեր գործընկերների կողմից:
Եզրահանգումները թողնում եմ Ձեզ»:
Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր…
Gepostet von Edmon Marukyan am Mittwoch, 4. September 2019