Բաժիններ՝

Նյու Յորքում մեկնարկում է Նորաձևության շաբաթը

Սեպտեմբերի 4-ին բացվում է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը, որը հագուստի դիզայնի ինդուստրիայի բնագավառում առաջինն է չորս գլխավոր իրադարձությունների շարքում: Միջոցառման կայքում զետեղված տեղեկատության համաձայն՝ 2020-ի գարուն-ամառ սեզոնի հավաքածուների ցուցադրությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 11-ը։

Չնայած այն բանին, որ պաշտոնապես Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը մեկնարկում է սեպտեմբերի 4-ին, առաջին երկու օրերը կհատկացվեն երիտասարդ դիզայներների եւ դիզայներական դպրոցների ցուցադրություններին, որոնք շահել են Նորաձեւության շաբաթին իրենց գործերը ցուցադրելու հնարավորությունը:

Հիմնական ցուցադրությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին: Մի քանի օրվա ընթացքում այցելուներին կներկայացվեն այն դիզայներական տների հագուստի թարմ հավաքածուները, որոնք հիմնել են այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Թոմ Ֆորդը, Ջերեմի Սքոթը, Կարոլինա Էրերան, Թոմի Հիլֆիգերը, Ռալֆ Լորենը, Մարկ Ջեյքոբսը, Մայքլ Քորսը, Հելմուտ Լենգը, Քեյթ Սփեյդը (1962 – 2018), Ռեբեկա Մինքոֆը, Ֆիլիպ Լիմը, Թորի Բերչը: Հանրությանն իրենց նոր հավաքածուները կներկայացնեն Longchamp-ը, Сoach-ը, Staud-ը եւ նորաձեւության այլ տներ: Նյու Յորքից անմիջապես հետո նորաձեւության շաբաթը կանցկացվի Լոնդոնում (սեպտեմբերի 12 – 17), Միլանում (սեպտեմբերի 18 – 23) եւ Փարիզում (սեպտեմբերի 23 – 30), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս