Ահա և հայաստանյան առաջին Գաբունիան

Մոտ մեկեւկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր եւ տղամարդուն ոչ վայել ձեւով հայհոյեց ՌԴ նախագահ  Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան:

Փաստորեն շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին  Գաբունիան Դանիել Իոաննիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ  չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ:

Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք։)))))»:

Կասկած չունենաք այս ձեւակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական  մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաեւ, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։

«Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված է տարածաշրջանի ապակայունացմամբ, որը շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ, շարունակում է գործել, անել իր չար գործը: Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է ցանկացած առիթ, պատրվակ, միջոցառում:

Վրաստանում, չնայած Ռուսաստանի հետ ունեցած բարդ հարաբերություններին, բավական արագ կողմնորոշվեցին, ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ շատ արագ, թե Գաբունիային, թե հեռուստաալիքի տնօրենին դուրս շպրտեցին իրենց աշխատանքից:

Հիմա Իոաննիսյանի արարքին պետք է արագ արձագանքի ՀՀ իշխանությունը: Որպես առաջին քայլ պետք է չեղյալ համարվի Իոաննիսյանը կազմակերպությանը ֆինանսավորելու եւ Արցախ գործուղելու կառավարության որոշումը: Մյուս քայլերը թող կառավարությունում մտածեն:

Դանիել Իոաննիսյանը շարքային քաղաքացի չէ: Նա հեղափոխության սիմվոլներից է։ Նրա գրառումը անհետեւանք չի մնալու։

Հուլիսին նշել էինք, որ մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու եւ ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, այլ եւ այլ հարցերով, եւ որ դրանք հերթով, ըստ պահի անհրաժեշտության  օգտագործվելու են։ Այնպես որ, Գաբունիաների շքերթը բացվել է, սպասենք նոր զարգացումների։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս