«ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար». Սեյրան Օհանյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը YerevanToday-ին տված հարցազրույցում ասել է, որ չի ընդունում այն մեղադրանքը, որն ուղղված է իր ու գեներալ-գնդապետների նկատմամբ:
«Գեներալ-գնդապետները գործել են այն ժամանակվա օրենսդրական դրվածքի, արտակարգ դրության հիման վրա, կատարել են մեր երկրի կարևոր օբյեկտների պահպանությունը և այն կատարել են՝ պահակային և կայազորային օրենքի համաձայն: Այն, ինչ գրվել է այդ հանրաճանաչ 0038 հրամանում, դա բանակի ներքին հրամանն է, և այն գրվել է՝ չեզոքացնելու այն խնդիրները, որոնց ուղղությամբ համապատասխան ցուցում է տվել մեր երկրի երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ես դեմ եմ այն իրադրությանը, որ ձևավորվել է նրա շուրջ. համարձակ մարդու, պատասխանատվությունն իր վրա վերցնող մարդու նկատմամբ այդպես չեն վերաբերվում, նա կարող էր ազատ լինել կամ իրենց տանը լինել, և այդ գործի քննությունը թող շարունակեին»,- ասաց նա՝ ընդգծելով 0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք:
«Առաջինն այն է, որ բանակը խառնվում էր ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ, իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին, հավաքվում էին տարբեր տեղեր, զենք էին կրում, պետության մեջ շարժվում էին, և այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը դրել է: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Այդ ցուցումը Ռոբերտ Քոչարյանը տվել է շուրջ 70 հոգու հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Հիմա փաստերը խեղաթյուրելն անընդունելի է»,- ընդգծեց նա:
«Իմանալ 0038 հրամանի մասին զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր չէր: 8.5 տարի պաշտպանության նախարարն եմ եղել ու երբևէ նախագահին չեմ զեկուցել, թե՝ պարոն գլխավոր-գերագույն հրամանատար, արձակել եմ, ասենք, 0050 հրամանը, և այլն: Զեկուցում եմ, որ տրված խնդիրը կատարվել է»,- ասաց Սեյրան Օհանյանը: