«Ավազակապետության» տրանսֆորմացիան
Սեպտեմբերին հանրապետության մոտ 750 համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (համայնքի ղեկավարի կամ ավագանու), որոնց, լայն իմաստով, ընդդիմությունը չի մասնակցում: Իհարկե, հատուկենտ համայնքներում ընդդիմադիր ուժերից որևէ մեկը քաղաքապետի, գյուղապետի կամ ավագանու մի քանի անդամի թեկնածուներ առաջադրել է, սակայն, խոշոր հաշվով, իրավիճակը դրանից չի փոխվում:
ՏԻՄ ընտրություններին ընդդիմության նման պասիվության մասին վերջին շրջանում շատ է խոսվում, խնդիրը հիմնականում դիտարկվում է ընդդիմադիր ուժերի թուլության, իրենց սպառելու, իրավիճակին համարժեք չարձագանքելու համատեքստում: Նշված բոլոր գնահատականներն, իհարկե, համապատասխանում են իրականությանը:
Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, որը մինչև 2010-2011 թվականներն իշխանությանը իրականում հակակշռող ու երկրում քաղաքական օրակարգ ձևավորող ուժ էր: Հիմա ՀԱԿ-ը հայտնվել է այնպիսի վիճակում, որ կարող է իրեն թույլ տալ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը հիմնավորել ֆինանսական միջոցների բացակայությամբ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չմասնակցելով`ընդդիմությունը կամ իրենց ընդդիմադիր համարող ուժերը ևս մեկ անգամ լեգիտիմացնում են իշխանությանը, ըստ էության, նաև ապառնի ժամանակով` առաջիկա նախագահական ընտրություններից առաջ: Տարիներ շարունակ ընդդիմությունը, նույն Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ համապետական` խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կեղծվում են «ֆեոդալ գյուղապետերի», «քրեական քաղաքապետերի», «տեղական մանր բդեշխների» կողմից:
Այսօր էլ` ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ նշում են, որ հանրապետության գրեթե բոլոր համայնքներում իշխանությունները սատարում են կիսաքրեական տարրերի, թաղային հեղինակությունների: Այսինքն` արդեն այսօր, ըստ էության, չմասնակցելով ՏԻՄ ընտրություններին՝ ընդդիմությունը կանաչ լույս է վառում այն «բդեշխների» համար, ովքեր ընդամենը 6 ամիս հետո կեղծելու են նախագահական ընտրությունները:
Եթե այսօր ունակ չեն պայքարելու անգամ տեղական նշանակության «իշխանիկների» դեմ, ապա պետք է ազնիվ գտնվեն` խոստովանեն դրա մասին և 2013 թվականի փետրվարին ևս չմասնակցեն նախագահական ընտրություններին, քանի որ այդ ժամանակ աշխատելու է մոտ 2000 այդպիսի «իշխանիկներից» բաղկացած կեղծող համակարգը:
Բայց որքան էլ տարօրինակ հնչի, այսօրվա վիճակում հայտնված ընդդիմությանը` ՀԱԿ-ի գլխավորությամբ, դա շատ ձեռնտու է: Գրեթե բոլոր ուժերը, այսպես թե այնպես, մասնակցելու են նախագահական ընտրություններին` «խաղի մեջ մնալու» համար, և կիսաքրեական համայնքապետերը նրանց համար ուղղակի նվեր են: Այն իմաստով, որ ընտրություններից հետո կայանալիք հանրահավաքներում կարողանալու են հնչեցնել նրանց անունները, նրանց լուսանկարներով պլակատներ են ճոճելու… մի խոսքով, արդարացնելու են իրենց անկարողությունը:
Ընդդիմադիր ուժերի` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելն անհեթեթ է նաև քաղաքագիտական տեսանկյունից: Ներկայիս բոլոր ընդդիմադիրները` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Դաշնակցությունը», անդադար խոսում են Հայաստանի ժողովրդավարացման մասին:
Զարգացած ժողովրդավարություններ ունեցող գրեթե բոլոր պետություններում տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են իշխանության ապակենտրոնացման կարևորագույն տարրերը, և տարեցտարի նրանց դերն ու նշանակությունն այդ երկրների կյանքում ավելանում է:
Մեր ընդդիմադիրները, որ այլ հարցերում սիրում են համեմատվել նման պետությունների հետ, ՏԻՄ ընտրություններին վերաբերվում են քամահրանքով` մի տեսակ վերևից, ոմանք հայտարարում են անգամ, թե չարժե էներգիա ծախսել դրանց վրա: Որովհետև հայաստանյան բոլոր ընդդիմադիր կուսակցություններն իրականում անձնակենտրոն ուժեր են, և «ապակենտրոնացում» գաղափարն ինքնին խորթ է նրանց համար:
Ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե իշխանությունն է գնում ապակենտրոնացման ճանապարհով` թեկնածուներ առաջադրելով գրեթե բոլոր համայնքներում: Իշխանության պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ապակենտրոնացվում է ոչ թե իշխանությունը, այլ իշխանության վերարտադրության մեխանիզմը` ավելի արդյունավետ գործելու նպատակով: Դա, բնականաբար, որևէ աղերս չունի այն ապակենտրոնացման հետ, որը բնորոշ է ժողովրդավարական երկրներին:
Սակայն առաջիկա ՏԻՄ ընտրությունները վկայում են ևս մեկ կարևոր տենդենցի մասին, որի վերաբերյալ ներկայիս քննարկումներում գրեթե չի խոսվում: Հայաստանն, ըստ էության, սահուն քայլերով գնում է դեպի երկկուսակցական համակարգ, ու ՏԻՄ ընտրությունները կարող են կարևոր հանգրվան դառնալ այդ ճանապարհին:
Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքների մեծ մասում թեկնածուներ է առաջադրել ՀՀԿ-ն, մնացած մասում` ԲՀԿ-ն: Ընդ որում, չնչին բացառություններով, կարծես, այդ առաջադրումները համաձայնեցված են և գործում է «Գյումրիի էֆեկտը»: Բազմաթիվ համայնքներում, որտեղ քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածու ունի ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն կա՛մ թեկնածու չի առաջադրել, կա՛մ դե ֆակտո սատարում է ԲՀԿ-ական թեկնածուներին:
Նույնկերպ վարվել է ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ի «քվոտայի մեջ մտնող» համայնքներում: Հետևաբար, ՏԻՄ առաջիկա ընտրություններում, լայն իմաստով, պրոյեկտվելու են անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ԱԺ-ում մեծությամբ առաջին և երկրորդ ուժերը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իրար մեջ բաժանելու են ՏԻՄ ղեկավարների պաշտոնները:
Այսինքն` Հայաստանում աստիճանաբար հաստատվում է քաղաքական նոր իրողություն, որի մասին դեռևս շատ չի բարձրաձայնվում: Թեև, մասնավորապես, ՀՀԿ-ական որոշ գործիչներ իրենց հարցազրույցներում պարբերաբար խոսում են երկկուսակցական համակարգի նպատակահարմարության մասին:
«Երկկուսակցականությունը» տվյալ դեպքում պետք չէ հասկանալ ուղղակի իմաստով, քանի որ այդ համակարգը գոնե տեսանելի ապագայում կարող է ենթադրել նաև այլ կուսակցությունների գոյությունը: Պարզապես տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դառնում են այն երկու առանցքները, որոնց շուրջ կարող են պտտվել նաև մնացած կուսակցությունները:
Պայմանականորեն, ասենք, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» կարող են գտնվել ՀՀԿ-ի տիրույթում, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն` ԲՀԿ-ի: Ժամանակ ընթացքում նրանցից ոմանք կարող են ձուլվել, միավորվել, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Այսօր Հայաստանում քաղաքականությունն, ըստ էության, պտտվում է հենց այս երկու ուժերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շուրջ, և մնացած կուսակցությունները, խոշոր հաշվով, «խաղից դուրս» են կամ «խաղի մեջ» են այնքանով, որքանով սպասարկում են այդ երկուսից որևէ մեկի շահը:
Լա՞վ է դա, թե՞ վատ, միանգամայն այլ թեմայի նյութ է, որին առաջիկայում անդրադառնալու առիթներ կլինեն: Սակայն, անկախ այդ երևույթի դրական կամ բացասական լինելուց, դա արդեն իրողություն է, որում իրենց մեղքի բաժինն ունեն մնացած բոլոր քաղաքական ուժերը, որոնք տարբեր կոնյունկտուրային պատճառներով՝ զերծ չեն մնացել մեկին կամ մյուսին սպասարկելու գայթակղությունից:
Այդ իրողությամբ են պայմանավորված լինելու առաջիկա քաղաքական զարգացումները, ընդ որում, 2013 թվականի նախագահական ընտրություններով այդ գործընթացը ոչ միայն չի ավարտվելու, այլ նոր փուլ է թևակոխելու: Արդեն տևական ժամանակ է` իշխանական շրջանակներում խոսում են սահմանադրական հանրաքվեի ու խորհրդարանական կառավարման կարգին անցման հնարավորության մասին:
Այսինքն` դա կարող է դառնալ «երկկուսակցական համակարգի» ֆորմալացման սահմանադրական ճանապարհը: Ճակատագրի հեգնանքով, մինչ տասը տարուց ավելի Հայաստանի ընդդիմադիր տարբեր ուժերն ու շարժումները դեգերում են «իշխանափոխության սահմանադրական ճանապարհին», իշխանությունը, կարծես, գտել է անընդհատ վերարտադրվելու «սահմանադրական ճանապարհը»:
Ի դեպ, այս համատեքստում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունները դառնում են ընդամենը «մարտավարական քայլ»` իշխանության վերարտադրության և մեկից մյուսին պարբերական փոխանցման համակարգի կերտման ճանապարհին: