Բաժիններ՝

Պահպանողականների մի մասը պաշտպանել է առանց գործարքի Brexit թույլ չտալու Քորբինի պլանը. The Times

Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը: Այդ մասին հայտնում է The Times թերթը:

Չնայած լիբերալ դեմոկրատների կողմից դրսեւորվող սկեպտիցիզմին եւ մի քանի անկախ խորհրդարանականների թշնամանքին, պահպանողական պատգամավորները, որոնց դիմել է Քորբինը, հայտարարել են, որ ողջունում են նրա մոտեցումը եւ համաձայնել են հանդիպել նրա հետ, նշում է հրատարակությունը:

«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ասել են, թե իրենք ամեն բան կանեն, որպեսզի խոչընդոտեն առանց գործարքի դուրս գալուց հնարավոր երկարաժամկետ վնասին, պետք է լրջորեն վերաբերվեն այդ առաջարկությանը»,-ասել է պահպանողական Գութո Բեբը:

Ինչպես նշում է The Times-ը, Քորբինի նամակը, որը նա ուղարկել էր պահպանողական այն պատգամավորներին, որոնք հանդես են գալիս առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի ԵՄ-ից երկրի դուրս գալու դեմ, ստացել են բրիտանական կառավարության նախկին անդամներ Դոմինիկ Գրիվը, Օլիվեր Լեթվինը, Քերոլայն Սփելմանը եւ Նիք Բոուլզը, որն ավելի վաղ թորիների շարքերից հեռացել Է Brexit-ի պատճառով տարաձայնությունների ֆոնին:

Բոլոր չորսն էլ պատրաստակամություն են հայտնել հանդիպել լեյբորիստների առաջնորդի հետ, որպեսզի «քննարկեն հոկտեմբերի 31-ին առանց գործարքի դուրս գալու սցենար թույլ չտալու տարբեր ուղիները»:

Նախօրյակին Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Քորբինը նաեւ հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս