Հուրգադա-Երևան չեղարկված չվերթից հետո ապահովագրական մեխանիզմ կներդրվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկշաբաթյա ժամկետում պատասխանատու գերատեսչությունները պետք է քայլեր ձեռնարկեն օրենսդրությունում բացերը լրացնելու եւ հետագայում Հուրգադա-Երեւան չեղարկված չվերթի օրինակի կրկնությունը բացառելու համար: Նախ նշենք, որ ինչպես եւ այլ դեպքերում, այս անգամ եւս սայլը տեղից շարժվեց միայն դեպքը գրանցվելուց հետո, այլ ոչ թե փորձ արվեց կանխարգելել այն: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում կատարել իրենց պարտականությունները, դաշտն ազատականացված է, որն էլ հանգեցնում է նման իրավիճակների:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցի լուծման տարեբարկներից մեկը գործող իշխանությունները համարում են ապահովագրական մեխանիզմի ներդրման հարցը: Ինչպես հայտնի է, «Էյ ընդ Ար» տուրգործակալության փաթեթներով Եգիպտոս մեկնած քաղաքացիները չվերթի չեղարկման պատճառով մնացել էին այնտեղ, քանի որ գործակալությունը գումարները չէր փոխանցել, եւ միայն կառավարության կողմից գումար հատկացնելուց հետո վերադարձան Հայաստան: Այս դեպքով հարուցված քրեական գործից բացի դեպի Եգիպտոս ավիափոխադրումների շուկայում ուսումնասիրություն է սկսել նաեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ ուսումնասիրությունների համար ժամկետներ չկան նախատեսված, դրանք շարունակվում են, եւ անուններ եւս հայտնի չեն: Հավելենք, որ այդ դեպքերից հետո ընկերության գրասենյակը փակ է, եւ այստեղից հեռացված են նույնիսկ բոլոր ցուցատախտակները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս