«Ամեն ինչով փորձում են փակել իրենց անճարությունը՝ դա անօգուտ գործ է». Ռուսլան Բաղդասարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Դեռևս մայիսի 7-ին Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ ոստիկանության հաղորդագրությունից տեղեկացել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել։ Դեռևս այս ժամանակ Ռուսլան Բաղդասարյանը մեզ հետ զրույցում  ասել էր, որ քրեական գործի մանրամասներին տեղյակ չէ, քանի որ ոստիկանությունից որևէ ծանուցում դեռևս չի ստացել։

Այնուհետև ոստիկանությունից  հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Այս ամենը Ռուսլան Բաղդասարյանը հերքել էր։

168.am-ը Ռուսլան Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

«Նախաքննություն է ընթանում, մեկ անգամ կանչել են հարցաքննության, ավելին չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով։ Կարծում եմ՝ մեր իրավապահները բավականին պրոֆեսիոնալ են, իրենք իրենց գնահատականը կտան, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը։

Հարցին՝ քաղաքային իշխանություններին ուղղված քննադատությունները կարո՞ղ են որոշ չափով ազդել գործի ելքի վրա, Ռ. Բաղդասարյանը պատասխանեց, որ չի ցանկանում հարցին անդրադառնալ՝ միաժամանակ նշելով, որ իր քննադատությունները հիմք հանդիսացան, որպեսզի կենտրոնանան իր վրա և գործեր հարուցեն։

«Ավելի ճիշտ՝ գործեր ուղարկեն, որպեսզի գործ հարուցվի։ Թե քանի դիմում ու հայտ են ներկայացրել՝ չեմ հրապարակի, քանի որ լավ գիտեմ՝ ինչ հարցով են բողոքներ գրել, ոստիկանությանը դիմել, նույնիսկ գործ հարուցելու հիմք չի եղել։ Ամեն ինչով փորձում են փակել իրենց անճարությունը, բայց դա անօգուտ գործ է»,- շեշտեց Ռ. Բաղդասարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս