«Ներքին թշնամու» փնտրտուքը՝ որպես ազգային հոգեկերտվածքի ատրիբուտ
Կա մի պատմական ճշմարտություն՝ մենք մեզ համարում ենք հին ազգ, ըստ էության, այդպես էլ կա, սակայն` մեկ ճշգրտմամբ․ մենք հին էթնոս ենք։ Փաստացի՝ ժողովուրդ իմաստով, հին ենք, սակայն որպես քաղաքական միավորում՝ շատ երիտասարդ ենք, քանի որ մենք դեռ նոր ենք սովորում անկախ ապրել, իսկ արդեն որպես ազգ՝ ներկայումս գտնվում ենք իմաստավորման և կայացման փուլում: Չպետք է ենթադրել, որ մեր ազգի երկար պատմությունը ինքնահոս կերպով մեզ դարձնում է իմաստուն և մեր գոյությանն իմաստ է հաղորդում: Մեր պատմությունն այն տեսքով, որով ընկալվում է ժողովրդի կողմից, ավելի շուտ առասպելաբանություն է: Մեր գիտակցականում դեռևս վաղ մանկությունից առանձին դրվագներով ներկայացվում են հայոց պատմության վառ դրվագներ՝ Ծովից ծով Հայաստան, Ավարայրի ճակատամարտ, առաջին քրիստոնյա ազգ, և այլն։
Նշված դրվագները բացահայտում են մեր համակեցության իմաստը, մեր էթնոսի հիմքը: Սակայն՝ այդքանը, ոչ ավել: Մենք չունենք ինքնուրույն, անկախ ազգի կենսափորձ, քանի որ վերջին անգամ այդ փորձն ունեցել ենք շատ դարեր առաջ, որից հետո այն կորցրել ենք հիմնովին: Այնպես որ, ըստ էության՝ որպես ազգ, շատ երիտասարդ ենք: Մենք պետք է շատ կարևոր որոշումներ կայացնենք, գիտակցենք մեր նպատակներն ու ժամանակակից աշխարհում մեր գոյության իմաստը: Ազգային հատկանիշներից մեկը, որը պատմական բոլոր շրջափուլերում «ուղեկցել» է հայ ժողովրդին և դարձել պատուհաս՝ կենտրոնախույս կամ հատվածական գործունեությունն է, երբ յուրաքանչյուր իշխան ու ֆեոդալ իր տարածքում եղել է կուռ իշխանության ջատագով, իսկ պետության ամբողջականությունն ու կենտրոնական իշխանությանը ծառայելը՝ մղվել է երկրոդական պլան։
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայերս աչքի ենք ընկնում հոգեկերտվածքի ևս մի յուրահատուկ ֆենոմենով․ մենք ունենք ազգային արհեստական բարդություններ ստեղծելու սինդրոմ, երբ ստեղծում ենք «ներքին թշնամիներ», ապա փորձում դրանց ոչնչացնել։ Քանիցս ականատես ենք լինում նմանօրինակ բարդությունների ու խոչընդոտների ստեղծման փաստի, որից հետո միայն դրանք փորձում ենք «քաջաբար» հաղթահարել։ Սա դարձել է մի տեսակ ազգային ինքնության բանաձև, ինչն, իհարկե, շատ վատ ավանդույթ է։
Վերջին մեկ տասնամյակի ընթացքում ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր սեկտորի հիմնական քննադատության մեխն ու առարկան կապված է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ։ Մարտի 1-ի մասին խոսելիս պետք է դիտարկել դրա խորքային կողմերը, քանի որ՝ ասել, որ դրանում մեղավոր են միայն այդ ժամանակվա իշխանությունները, այդքան էլ այդպես չէ․ մինչ այդ ընդդիմությունը բացահայտ սադրում էր իշխանություններին, սպառնում տարբեր միջոցների և քայլերի գնալ՝ երկրում ստեղծելով ամբողջովին քաոտիկ վիճակ։ Եթե խոսենք ավելի նեղ ոլորտային իրավիճակի մասին, որը հերթական արհեստական բարդությունն է առաջացրել, մոտ մեկ ամիս առաջ Սևանում ստեղծված էկոլոգիական աղետն է։ Մասնագետների բնորոշմամբ՝ Սևանում արձանագրվող ճահճացման գործընթացներն առաջին հերթին ամեն տարի իրականացվող մեծածավալ ջրառի արդյունք են: Միաժամանակ պետք է արձանագրել, որ արդեն մոտ երկու տարի է՝ Սևանից ջրառն իրականացնում է ՀՀ «հեղափոխական» իշխանությունը, ինչից կարելի է գալ այն տխուր եզրահանգման, որ այս ուղղությամբ ևս որևէ փոփոխություն չունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ երկար-բարակ խոսում է այս կամ այն ոլորտի զարգացման ու դրա հեռանկարների մասին, սակայն այդպես էլ ժամանակ չի գտնում անդրադառնալու Սևանին, որի կորուստն անդառնալի է լինելու բոլորիս համար:
Մյուս արդիական ու խնդրահարույց խնդիրը, որն այսօր առկա է հանրային դիսկուրսում՝ ՀՀ դատաիրավական ոլորտում ստեղծված վիճակն է՝ կապված դատարանների շրջափակման, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատավորի լիազորությունների դադարեցման և Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումների մասով։ Սա մի արհեստական ստեղծված դրություն է, որը հանգիստ կարելի էր շրջանցել՝ այն չդարձնելով հանրային ու միջազգային քննադատության առարկա։ Սրանք քայլեր էին, որոնցից ՀՀ իշխանությունները կարող էին խուսափել, եթե ավելի խորքային վերաբերվեին բոլոր հնարավոր ռիսկերին։
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանում տարածվել էր մի հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար: Այս իշխանության հիմնական կառավարման մեթոդը կարծես կեղծ օրակարգ ստեղծելն ու դրանով հանրային ուշադրությունը շեղելն է:
Ցավոք, այս ընթացքում երկրում առկա խնդիրները ոչ միայն ստվերվում են, այլև ավելի են խորանում ու մնում անլուծում: Դրա մասին փաստում են դեռևս իշխանափոխության առաջին ամիսներին այսօրվա իշխանությունների կողմից հնչող տարաբնույթ ագրեսիվ կոչերը, դատաիրավական համակարգում միջամտություններն ու ուղղորդումները, կադրային և բովանդակային սովը, հասարակությանը տարբեր կատեգորիաների բաժանելը, որը ոչնչացնում է թվացյալ սիրո և համերաշխության մթնոլորտը:
Հնարավոր է այլ տարբերակ ևս․ միգուցե իշխանություններն ունեն այլ ծրագիր, որը անգամ աղերս չունի հասարակությանը ավելի գիտակից և զարգացած դարձնելու հետ: Առկա ծանր տնտեսական վիճակի, հասարակության սրվող տրամադրությունների, օրեցօր ավելացող բողոքի ցույցերի ֆոնին, իշխանությունը չի առաջարկում բովանդակային ծրագիր, որը կխթանի խնդիրների համակարգված լուծումը: Իշխանական վերնախավը անտարբերությամբ և վարկանիշ ապահովող տարբեր կեղծ թեմաներով փորձում է սնել հանրությանը, որին, սակայն, գոյատևելու համար սննդի այս պաշարը չի բավարարելու:
Փաստացի՝ մենք չենք կարող եվրոպացիներից տարբերվել, եթե մեր երկուսի սկզբունքը նույնն է` չանել ուրիշին այն, ինչ չէինք ցանկանա, որ անեին մեզ հետ: Իսկ ինչպե՞ս է, այնուամենայնիվ, առաջացել «մենթալիտետը»․ այն, հավանաբար, առաջացել է հավակնություններից: «Ամենակարողը» որոշել է շեղվել սկզբունքից, այսինքն` որոշել է, որ ինքը պետք է լինի երաշխավոր, և երաշխավոր լինելու համար նրան անհրաժեշտ է եղել ուրիշների պարզամտությունը, այսինքն` ուրիշների կորսվելու «ընդունակությունը»: Բոլոր մենթալիտետների հիմքում հասարակությունն աղանդավոր դարձնելու կիրքն է: Ընդ որում` որպեսզի «ամենակարողը» կարողանա լինել համոզիչ, պետք է կոծկի ճշմարտությունը: Անշուշտ, սա պարադոքս է: Ինչպե՞ս կարող է մարդը համոզիչ լինել, եթե նա ճշմարտությունից տարբերվող ինչ-որ բան է ասում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Հ․Գ․ Իշխելու ցանկություն ունեցող մարդուն անհրաժեշտ է, որ մյուսները կորցնեն ողջամտությունը. միայն դրանից հետո նա կարող է կառավարել: