«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները հուլիսի 1-ից ազատվում են բոլոր տեսակի վճարներից». ՀՀ վարչապետ
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները հուլիսի 1-ից ազատվում են բոլոր տեսակի վճարներից։ Այս մասին այսօր Գյումրիում «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իշխանության որդեգրած տնտեսական քաղաքականությունը որոշակի սոցիալական ուղղվածություն ունի:
«Հուլիսի 1-ից տաքսու վարորդները Երևան քաղաքում՝ 12.000 դրամ, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են:
Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել, և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:
Ազատելով տաքսու վարորդներին հարկային պարտավորություններից՝ հույս ունենք, որ նրանք այս գործընկերության, այս քայլի արդյունքում հետևողական կաշխատեն իրեն մատուցած ծառայության մակարդակը բարձրացնելու վրա, որովհետև ամեն զբոսաշրջիկ, որը նստում է տաքսի Հայաստանում, ստանում է շատ կոնկրետ տպավորություն:
Եվ մեր խնդիրը պետք է լինի՝ այսօր անել այնպես, որ Հայաստան եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան և իր հայրենակիցներին ևս հորդորի այդ անել»,- ասաց նա:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է՝ մասնակցելու «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին:
Զարուհի Դիլանյան