Ինչո՞ւ է Ադրբեջանն ակտիվացել Նախիջեվանի կողմից

Վերջին օրերին խաղաղ չէ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Հուլիսի 13-ից սկսած Նախիջևանի սահմանին գտնվող Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: Ադրբեջանի բանակը կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել էր նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը:

«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասել էր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ:

Ելփին գյուղի գյուղապետ Խորեն Ավետիսյանը նշել էր, որ ամեն տարի այս ժամանակահատվածում կրակոցներ եղել են դիրքերի ուղղությամբ, բայց գյուղի վրա սկսվել են հուլիսի 13-ից. «13-ից սկսել են, գյուղի տարածքի ցորենի արտերի վրա, հրդեհ եղավ, գնացին հանգցրին, բայց այս երեք օր է, որ ակտիվացել է. 14-ի գիշերը՝ ժամը մեկին, տասն անգամ կրակել են, եկել-ընկել է երկու տան վրա: Երեկ երեկոյան 22:30-ին նորից կրակեցին, նորից նույն տեղն ընկավ, այսօր առավոտյան զանգել եմ կոմբատին, տվյալ տեղը նայել ենք»: Գյուղապետը չի կարողացել մտաբերել դեպք, երբ վերջին տասը տարիների ընթացքում Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներ են եղել: Այս օրերին կրակոցներ են եղել նաև Խաչիկ գյուղի ուղղությամբ։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։

Ըստ նրա՝ դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը, ըստ նրա, պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ուժերը ժամանակ առ ժամանակ ստուգում են հայկական ուժերի զգոնությունը սահմանի և շփման գծի տարբեր հատվածներում, քանի որ ռազմական գործողությունների պլաններից հրաժարում տեղի չի ունեցել։ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին՝ հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։

«Այստեղ նաև այդ ուղերձը կա, քանի որ Թուրքիան բազում շահեր ունի, շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Նախիջևանում։ Կարծում եմ՝ այս փուլում որևէ փոխհրաձգություն չի կարելի որակել՝ որպես պատահական։ Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ, քանի որ գուցե Նախիջևանի ուղղությունից անընդհատ լարվածության դեպքում ՀՀ-ն ուժեր կենտրոնացնի այս ուղղության վրա՝ թուլացնելով զգոնությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։

Բայց կարծում եմ՝ ՀՀ ԶՈՒ-ում գիտեն, որ այս հատվածից լայնամասշտաբ գործողություններ չեն կարող սկսվել, ուստի մյուս կողմում զգոնությունը երբեք չպետք է պակասի։ Եվ ընդհանրապես ԼՂ հակամարտության գոտում որևէ զարգացում՝ ոչ «թնդանոթների» լռությունը, և ոչ էլ կիրառությունը, պատահական չէ, դա արտահայտում է այն քաղաքական իրավիճակը, մտադրությունները, որոնք ունեն կողմերը։

Մենք գիտենք, որ կողմերը պատրաստվում են պատերազմի, և էական հարցերում չկա առաջընթաց կարգավորման գործընթացում, ուստի պատերազմական գործողությունների պետք է սպասել ցանկացած պահի, և որևէ կրակոց չպետք է անտեսվի կողմերի կողմից։ Ադրբեջանական կողմն ուշադրությամբ հետևում է հայաստանյան բոլոր զարգացումներին, և ըստ դրա՝ կիրականացնի քայլեր։ Կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել»,- ասաց նա։

Եվսեևի կարծիքով՝ այս ակտիվությունը Նախիջևանի ուղղությունից որևէ առնչություն չունի Թուրքիա ռուսական Ս400-ների մատակարարման հետ։ Նրա խոսքով՝ ճիշտ է, որ տարածաշրջանում որոշակիորեն փոխվում է անվտանգության համակարգը, բայց այս ամենը դեռ որևէ կերպ չի առնչվում ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հետ։

Իր հերթին՝ ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը կարող է կապ ունենալ Թուրքիայի կողմից ռուսական սպառազինության ստացման հետ, կարող է և կապ չունենալ, քանի որ վերջին տարիներին այս ուղղությունը հաճախ է հիշատակվում՝ որպես դիրքերի փոփոխման, լարվածության օջախ։

Այնուամենայնիվ, Ֆելգենգաուերի խոսքով՝ ռուսական կողմն իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխել և կշարունակի զսպող դերակատարություն ունենալ։ «Կարծում եմ՝ այս պրիզմայով ևս պետք է դիտարկել այդ հարցը»,- նշեց նա։ Ըստ Ֆելգենգաուերի՝ նույնիսկ հարկ չկա քննարկել, թե սահմանի, շփման գծի որ հատվածներում է լարվածությունը, քանի որ սպառազինությունների կուտակման պայմաններում պատերազմական գործողությունների սպառնալիք կա միշտ։

«Մինչ ապրիլյան ռազմագործողությունները, մենք՝ տեսնելով այն, որ կա կուտակված սպառազինություն բոլոր կողմերում, հնարավոր չէինք համարում լայնամասշտաբ պատերազմը, բայց դա պատահեց և գուցե պատահի նաև ապագայում»,- ասաց նա։ Ռազմական փորձագետը համամիտ է, որ գուցե այս ուղղությունն օգտագործվում է շեղելու համար։ «Ռազմական պրակտիկայում դա հաճախ է կիրառվում՝ որպես շեղող տեխնիկա։ Ուստի հայկական ուժերը, կարծում եմ, առավել լավ գիտեն, թե հիմնական սպառնալիքը որ կողմից է, և այդ կողմը Ղարաբաղյան սահմանն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս