Բաժիններ՝

«Դուռը դմփացնում էին, բացեցի, ներս խուժեցին՝ ասելով, թե՝ շորերդ հագի, գնում ենք». Իջևանի քաղաքացին՝ կատարվածի մասին

Երեկ՝ հուլիսի 17-ին,  Իջևանում քաղաքացիները փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Երեկոյան, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, կոշտ բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ և ձերբակալվածներ։

«Դուռը դմփացնում էին, բացեցի, ներս խուժեցին՝ ասելով, թե՝ շորերդ հագի, գնում ենք: Ասացի՝ որտե՞ղ, ընկեր ջան…: Մեկը, թե՝ չի ուզում գալ՝ բռնի ուժով տար… Դիմադրեցի, գցեցին, ծեծեցին: Ոստիկաններից մեկն այստեղից էր, մնացածին չեմ ճանաչում»,- լրագրողներին ասաց վնասվածք ստացած քաղաքացիներից մեկը, ով մասնակցել է հուլիսի 17-ի բողոքի ակցիային:

«Օրինական ճանապարհով, փաստաթղթով վառելիք ենք ուզում, այդքան բան»,- հավելեց նա:

«Իջևանում այս պահին իրավիճակը հանգիստ է, ինքներդ էլ տեսնում եք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Դիտարկմանը, որ ուժեղացված հսկողությունը, ամեն դեպքում, շարունակվում է, և Երևանից բերված մեծաթիվ ուժերը դեռ Իջևանում են, ոստիկանապետն արձագանքեց. «Ոստիկանության խնդիրներից մեկն էլ կանխարգելիչ աշխատանքն է: Մենք այս պահին կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում»:

Վալերիյ Օսիպյանը հերքեց քաղաքացիների պնդումները, թե տեղի ունեցած բախումը ոստիկաններն են հրահրել, սադրիչներ են եղել: Ոստիկանապետը պատասխանեց.

«Ես ավելին չէի սպասում, միանշանակ այդպես պետք է պատասխանեին: Իրենք ստում են, ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել՝ ազատել տևական ժամանակ փակված ճանապարհը։ Խնդրում եմ, զգույշ լինել արտահայտությունների մեջ՝ ոստիկանը երբեք չի սադրում»:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ որևէ զիջում չի լինելու, խնդիրը հստակ է դրված, ապօրինություններ թույլ չեն տալու, օրենքը խախտողը խստորեն պատժվելու է:

Տեղեկացնենք, որ Իջևանում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ կա 19 բերման ենթարկված անձ, նրանցից 13-ը ձերբակալված են, 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Քննիչներն ու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքին առնչակից անձանց շրջանակը հստակեցնելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Անի Կարապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս