Բախում Իջևանում. 25 ոստիկան և մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց (թարմացվող)
Այսօր ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են և քարերով ծեծկռտուք սկսել:
Իջևան քաղաքի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ այս պահի դրությամբ 9 վիրավոր կա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. 9-նն էլ՝ ոստիկաններ:
Իջևանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնել են, որ բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն. «Բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում կան մի քանի ոստիկաններ ու քաղաքացիներ»։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, սակայն ինքն ականատես է բախումներին և տեղյակ է, որ շտապօգնության մեքենա է հերթապահում վայրում:
Մարզպետն ասել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան:
Հայկ Չոբանյանը նշել է, որ պատկան մարմինները դեռ երեկ են վստահեցրել ապօրինի ծառահատում իրականացնողներին, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Տավուշի մարզպետը տեղեկացրել է նաև, որ սոցիալական խնդիրը լուծելու համար իրենք 3 այլընտրանքային տարբերակ են առաջարկել նրանց, սակայն ցուցարարները հրաժարվել են:
23:09 Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելել է գլխավոր բժիշկը:
«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասել է Վազգեն Մարգարյանը:
Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով, Aysor.am-ի տեղեկություններով, վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ տուժածներից 11 ոստիկան է դիմել հիվանդանոց, մնացածի վնասվածքներն աննշան են։
Իջևանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելել է գլխավոր բժիշկը:
Tert.am-ը գրում է, որ Իջևանում լարված իրավիճակը շարունակվում է: Հատուկջոկատայինները միացել են ոստիկաններին, ցուցարարները ձերբակալվում են:
Իջևանում էլ են փռում ասֆալտին։ Լարված իրավիճակ է
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Mittwoch, 17. Juli 2019
Tert.am-ի հաղորդմամբ՝ բանակցություններից հետո ճանապարհը բացվել է, այս պահին ոստիկանները կարգավորում են երթևեկությունը: Այս պահին դեռ մեկ կիլոմետրից ավելի ավտոմեքենաների խցանում կա: Ոստիկանները շարունակում են տեղում մնալ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով Իջևանի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 12 ոստիկան և 2 ցուցարար: Քաղաքացիները դուրս են գրվել, ոստիկանները շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:
Լուսանկարները՝ «Հետք»-ի