«ՍԴ-ում իրավունքի վեճ չկա. կա քաղաքական շահերի խնդիր». Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ գոյություն չունի, այն գործում  է,  ունի լեգիտիմ նախագահ, անդամներ, և պետք է ձեռնամուխ լինի իր սահմանադրական գործառույթների իրականացմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին: 

Պատգամավորի խոսքով՝ վերլուծելով բոլոր կարծիքները՝ սկսել է մտածել, որ այստեղ չկա իրավունքի խնդիր, քանի որ այն արդեն լուծված է։

«Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ Սահմանադրության 7-րդ՝ դատական իշխանության վերաբերյալ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը, այստեղ իրավունքի վեճ չկա, այլ կա քաղաքական շահերի խնդիր։ Այս կարծիքն ինձ մոտ ձևավորվել է հենց Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական պաշտոն է, հետևաբար՝ այն քաղաքական ընտրություն է»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե Վահե Գրիգորյանը ՍԴ-ում դատավորի աշխատանքը համարում է քաղաքական պաշտոն, ապա հենց դրանով էլ պետք է վերջ դրվի իրավական վեճերին, և հստակ իմանան, որ ՍԴ-ում չկա ճգնաժամ, կա միայն այդպիսի ճգնաժամ տեսնելու՝ առանձին անձանց կամ ուժերի ցանկություն։

Պատգամավորը կոչ արեց, որպեսզի այս հարցում ղեկավարվեն երկրի հիմնական օրենքով, վերջ դնեն անձնական ամբիցիաներին  և հասարակության մեջ ավելորդ իրարանցում չստեղծեն։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, պատգամավորը նկատեց՝ որևէ մեկին արգելված չէ երազել ու երևակայել. «Օրինակ՝ ես էլ կարող եմ ինձ հռչակել Վենեսուելայի կամ Գվատեմալայի նախագահ, հետո՞, իսկ կոռեկտությո՞ւնը, օրինականությո՞ւնը։ Վահե Գրիգորյանն առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է, բայց այստեղ կա բարոյականության խնդիր, որն անուշադրության մատնեց։ Մարդն  իրեն առաջադրող սուբյեկտին անվանեց ոչ լեգիտիմ, այսինքն՝ ինքը ոչ լեգիտիմ ծագմամբ պաշտոնյա է, սրա բարոյական կողմն ո՞վ է վերլուծելու»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտնած ցանկությանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու վերաբերյալ, պատգամավորը շեշտեց, որ, եթե խոսում են օբյեկտիվությունից, ապա նա այդ գործի քննությանը չպետք է մասնակցի, քանի որ վերջինս առիթը բաց չի թողել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին բացասական կարծիքներ հայտնելու համար։ Ուստի այդ հանգամանքը հաշվի առնելով՝ օրինաչափ կլինի, եթե Վ. Գրիգորյանը ձեռնպահ մնա գործը քննելուց։

168.amի հարցին, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի,՝իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, այս փուլում նման բան հնարավո՞ր է, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ եթե իշխանությունը գնացել է Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ-ում տեղավորելու ճանապարհով, ապա կգնա նաև այդ ճանապարհով։

«Իմ կարծիքով՝ այստեղ քաղաքական դիրքավորումների խնդիր կա, քանի որ օրենսդիր իշխանությունը վճռորոշ ձայների մեծամասնությամբ պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, գործադիրում  ձայները միանձնյա է ապահովում, մնացել է դատական իշխանությունը։ Վահե Գրիգորյանն ասում է, որ սա քաղաքական ընտրություն է, հետևաբար՝ ՍԴ-ն քաղաքական մարմին է, սա խայտառակություն է աշխարհի առաջ։ Վահե Գրիգորյանը կարող է այսօր նամակ գրել, վաղն էլ՝ պոեմ, դառնա վիպասան»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս