Բաժիններ՝

«Հայաստանում առկա հակակարկտային կայաններն այդպես էլ չկարողացան օգնել գյուղացուն». Հրաչ Բերբերյան

Երեկ հանրապետությունում տեղացած կարկուտը հսկայական վնաս է հասցրել գյուղատնտեսությանը՝ ցանքատարածություններին ու այգիներին։ Մասնավորապես՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի ու այլ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով գյուղացիների մեծ մասի բերքը վնասվել է։

168.amի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը նշեց, որ Հայաստանում առկա հակակարկտային կայաններն այդպես էլ չկարողացան օգնել հայ գյուղացուն, դրանք ցածր արդյունավետությամբ, գրեթե չաշխատող կայաններ են, և այս մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է։

«Մոտավորապես 15 տարի առաջ եղավ Կառավարության որոշում, որպեսզի քայլեր ձեռնարկեն Հայաստանում հակակարկտային ծառայությունը վերականգնելու համար։ Դրանից հետո ստեղծվեց հանձնաժողով, որի անդամներից մեկը ես էի, ուսումնասիրություններ կատարվեցին, թե որ երկրներում են հակակարկտային կայաններն արդյունավետ աշխատում։ Ամենաարդյունավետ կայանները հրթիռային, ավիացիոն համակարգերն են, որոնց արդյունավետությունը տատանվում է 75-85 տոկոսի սահմաններում։ Մենք այն ժամանակ նման հրթիռային կայաններ ձեռք չբերեցինք, քանի որ պատճառաբանում էին, որ դրանք օգտագործելիս արկերը կարող են հայտնվել Թուրքիայի սահմանում, և առաջանան քաղաքական հարցեր, և այլն։ Խորհրդային Միության ժամանակ այդ արկերը հայտնվում էին Թուրքիայի սահմանում, բայց այն ժամանակ Թուրքիան լռում էր»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ հակակարկտային համակարգ ներդնելիս՝ դիտարկվել է նաև ցանցային տարբերակը, սակայն Կառավարությունից պատճառաբանել են, որ դրանք թանկարժեք են։

«Ցանցային համակարգն ամենաարդյունավետն էր, ապահովում է 100 տոկոսանոց արդյունք։ Բայց այդ ցանցերը ձեռք չբերեցին, իսկ ներկայիս համակարգերը ներդնելիս՝ հանձնաժողովում միակ մարդն էի, որ դեմ արտահայտվեցի, որի համար ինձ այլևս խորհրդակցությունների չկանչեցին»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա՝ ցանցային համակարգերի հարցը քննարկելուց հետո, չգիտես ինչու Արգենտինայից եկան ու ներկայիս հակակարկտային կայաններից 30 հատ տեղադրեցին Հայաստանում, որից հետո Կառավարության փոփոխությունից հետո որոշվեց, որ այդ սարքերը կարող են նաև Հայաստանում արտադրել։

«Առանց որևէ փորձաքննության ու հանձնաժողովի, երկու կազմակերպություն հայտարարեցին, որ այդ սարքերը կարող են կարկտաբեր ամպեր ցրել, նրանք արտադրում ու վաճառում էին Կառավարությանը, որն էլ մեծ հաճույքով դրանք գնում էր ու որևէ մեկից չէի հարցնում՝ դա արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Դա բուտանային տարբերակն էր, ես չգիտեմ՝ աշխարհում նման տարբերակ կա՞, թե՞ ոչ»,- նշեց Հ. Բերբերյանը։

Նա արձանագրեց, որ այս հարցն ունի իր լուծումը, նախ՝ պետք է մասնագիտական մոտեցում և համագործակցություն Կառավարության՝ Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև։

«Լուծման համար կոնկրետ առաջարկ ունեմ, բայց հենց այն ասեմ, կրկին տանելու են փչացնեն, պետք լինի՝ Կառավարությունը թող մեզ դիմի, գրավոր կներկայացնենք»,- ընդգծեց Հ. Բերբերյանը։

Նա դժվարացավ ասել, թե կարկուտի պատճառած վնասների հետևանքով որքանով կթանկանա գյուղմթերքը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ չափի տարածքների մասին է խոսքը։

«Եթե խոսքը լուրջ տարածքների մասին է, ապա, բնականաբար, գնաճ կլինի, եթե 1-2 գյուղ է, գուցե հարցը կլուծեն։ Այստեղ Կառավարությունը հաստատ կասի, թե ապահովագրությամբ հարցը կլուծեն, բայց սխալ կանեն, առաջին ապահովագրության կողմնակիցը ես եմ, բայց այն պետք է ունենա նախապայմաններ, որը մեր գյուղատնտեսությունը չունի։ Իսկ եթե այդ համակարգը ներդնում են, որպեսզի գյուղացու անվան տակ փող լվանան՝ այլ խնդիր է։ Ասել եմ ու կասեմ՝ եթե հույսը դնենք փողոցները քարշ եկածների վրա, ապա մեր երկիրն առաջ չի գնա»,- եզրափակեց Հ. Բերբերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս