«Ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին». ԱԺ նախագահ
«Ես ստացել եմ նամակը և պատրաստվում եմ ուղղել բոլոր մյուս 131 պատգամավորիկներին: Կարծում եմ՝ քննարկման մեծ նյութ կա և առիթ կա, իսկապես անորոշություն կա: Ես չեմ վարանի ասել, ըստ ամենայնի, գուցե նաև ճգնաժամի մասին կարելի է խոսել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից ծավալուն նամակ է ստացել ՍԴ-ում իրադրության վերաբերյալ, այդ նամակը ստացել են նաև ՍԴ կազմավորմանը մասնակցող մարմինները:
Ըստ նրա՝ լուրջ քննարկում է պետք՝ հասկանալու, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Անդրադառնալով քննադատություններին, որ Վ.Գրիգորյանը տառացի է մեկնաբանում Սահմանադրությունը, Ա.Միրզոյանը ուշադրություն հրավիրեց, որ հասարակության կողմից անվստահությունը ՍԴ հանդեպ կա, և դա նոր չի, եղել է տասնամյակներ շարունակ, մարդիկ հարցեր են բարձրացնում՝ Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված, նաև Սահմանադրության փոփոխությամբ նորմեր են ընդունվել, որ պետք է ուժի մեջ մտնեն 2035-2037 թթ.-ին, և դրա հետ կապված ողջախոհության հարց է ծագում:
«Ակնհայտ է, որ ունենք խնդիր, անկախ մեկնաբանություններից, և պետք է մենք բոլորս այս խնդրի հանգուցալուծմամբ զբաղվենք»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն իր նամակում լուծման երեք տարբերակ է նշել՝ առկա իրավիճակի արձանագրումից՝ որպես նորմալ, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխությունների ֆիքսում: Նա ճիշտ համարեց, որ Վ.Գրիգորյանը հանրայնացնի իր նամակը:
«Մենք կարիք ունենք՝ ինչպես հանրության լայն շրջանում, այնպես էլ՝ մասնավորապես, դատարանի կազմությանը մասնակցող մարմինների շրջանակում՝ Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն և նախագահ, պետք է լայն քննարկում ծավալել, որպեսզի հասկանանք՝ մեր երկիրն էս ճգնաժամից ոնց ա դուրս գալու»,- ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ շատ մասնավոր հարցի, թե անդամների հետ ի՞նչ է լինելու, չի կարող պատասխանել:
Ըստ նրա՝ այնքան էլ ողջունելի ճանապարհ չէ, եթե կառավարությունն օգտվի իր իրավունքից և առաջադրի ՍԴ դատավորի 3 թեկնածու, այդպիսով՝ համալրվի ՍԴ դատավորների թիվը՝ ապահովելով քվորումի համար նվազագույն անհրաժեշտ ձայները. «Ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին»:
Դիտարկմանը, որ ստացվում է՝ մեկ իրավաբանն օրակարգ է թելադրում և իշխանությունը խնդիր է դրել ՍԴ-ում իշխանությունը զավթելու և ուզուրպացնելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «138%-ով համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ: Էդպես չի ստացվում: Նույնիսկ այս պահին արդեն 139.5% համաձայն չեմ: Ես կարծում եմ՝ ճգնաժամն առկա է՝ անկախ՝ այդ նամակը կլինե՞ր, թե՞ չէ»: