Բաժիններ՝

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական փոխգործակցության կրճատումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Fox Business հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ-ի ղեկավարին հարց է տրվել այն մասին, թե ինչ գործողություններ նա կարող է ձեռնարկել, եթե Վաշինգտոնին ու Պեկինին չհաջողվի լուծել վիճելի հարցերն առեւտրի շուրջ: «Չինաստանի վերաբերյալ իմ պլան «Բ»-ն ամսական միլիարդավոր ու միլիարդավոր դոլարների գանձումն է, եւ մենք ավելի ու ավելի քիչ գործ կունենանք նրանց հետ»,-ասել է Թրամփը:

Նա նաեւ չի բացառել նոր մաքսատուրքերի սահմանումը չինական ապրանքների վրա: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը չի բացառել, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ Օսակայում կայանալիք հանդիպման ընթացքում կհաջողվի հասնել առեւտրական համաձայնագրի եւ խուսափել Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մնուչինը վստահություն է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք է ճիշտ ջանքեր գործադրվեն»: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս