«Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ Մամեդյարովը հայտարարում է, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից և խաղաղապահ ուժեր տեղակայվեն». Արա Պապյան
Տարածաշրջանում իրավիճակի լարվածության հերթական ալիքը, բնականաբար, ազդելու է Հայաստանի վրա: Նման համոզում հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Անդրադառնալով Վրաստանի վերջին իրադարձություններին՝ նա նշեց, որ դրանք կանխատեսելի էին՝ հաշվի առնելով վրաց ժողովրդի դժգոհությունը Ռուսաստանի հանդեպ, այդուհանդերձ չբացառեց նաև այդ գործընթացներում արտասահմանյան հետքի առկայությունը.
«Այս հարցում մեծապես շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը: Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններն էլ ավելի են լարվում, ո՞վ պիտի այդ բացը լրացնի վրաց հասարակության մեջ, տնտեսության մեջ: Հաստատ դա Ամերիկան չէ, որոհետև ԱՄՆ-ը հեռու է. առավելագույնը, որ կարող է անել Միացյալ Նահանգները, որոշակի անվտանգության ինչ-որ բաղադրիչներ տալն է, բայց տնտեսական, քաղաքական առումով Վրաստանի վրա ուժեղանալու է Թուրքիայի և Ադրբեջանի դերը»:
Որպես բացասական հետևանք այս զարգացումներին՝ Ա.Պապյանն առանձնացրեց Լարսի անցակետի խնդիրը՝ հաշվի առնելով առանց այդ էլ սեզոնային խնդրահարույց վիճակը:
Անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարվածությանը, նա արձանագրեց, որ հիմա առավելագույն լարվածության փուլն է նախորդ տարիների համեմատությամբ: Վերջինս, սակայն, ըստ քաղաքագետի, չի հանգեցնի ուղիղ պատերազմի՝պայմանավորված, առաջին հերթին՝ Թրամփի նախագահ վերընտրվելու ցանկությամբ:
168.am–ի հարցին, թե այս ֆոնին արդյո՞ք ՀՀ-ից արձագանքը համարժեք է, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը պատասխանեց.
«Ես հաճախ չեմ նայում ԱԺ քննարկումներ, բայց մի պահ աչքովս ընկավ՝ ինչ-որ սիրուն աղջկա հարցեր են քննարկում… Անվտանգության խորհրդի նիստ եղավ՝ դա ուրիշ հարց է, դա տեղին էր և պետք էր, բայց խորհրդարանը…
Ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք. այս վիճակում փոխանակ քննարկումներ լինեն, առաջարկներ հնչեն… Օրինակ՝ առաջարկ է հնչում՝ մենք երկու բարեկամ ժողովուրդներին պետք է օգնենք հաղթահարել այս խոչընդոտը, բայց դրա համար գործիք է պետք ստեղծել, միգուցե պետք է պատվիրակությո՞ւն ուղարկել….»:
Լրագրողների հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս հարցի շուրջ, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, Ա. Պապյանը նկատեց.
«Քո դիրքը պարտավորեցնում է քեզ լինել զուսպ: Մարդիկ պիտի հասկանան, որ ունենալով պաշտոն և կարևոր պաշտոն, դու դադարում ես ունենալ մասնավոր տեսակետ: Իշխանությունը պիտի ավելի զուսպ լինի, հատկապես, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է»:
Քաղաքագետը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Արցախյան հակամարտությանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին արած հայտարարությանը՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքներից բացի, որևէ այլ փաստաթուղթ դրված չէ բանակցային սեղանին:
«Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ Մամեդյարովը հայտարարում է, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից և խաղաղապահ ուժեր տեղակայվեն:
Միակ հայտարարությունը, որ արել է Փաշինյանը, այն էր, որ 3 սկզբունքները և 6 բաղադրիչները պարզաբանում են ուզում, բայց չի ասվել, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք պաշտոնապես 2007 թվականի նոյեմբերի 29-ից դրված են բանակցությունների հիմքում, չեղարկվել են»,- նշեց քաղաքագետը:
Մեր հարցին, թե ինչի՞ կհանգեցնի պաշտոնական հրաժարումը, նա արձագանքեց. «Ոչ մի բանի էլ չի հանգեցնի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան