«Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում». Բունդեստագի արտաքին և անվտանգության հարցերով փորձագետ Քրիստիան Ֆորնեք
Հունիսի 22-23-ը Ծաղկաձորում հայաստանյան լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանի դերը ժողովրդավարության զարգացման գործընթացում» խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող, Գերմանիայի Բունդեստագում կանցլեր Անգելա Մերկելի խորհրդարանական ֆրակցիայի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Ֆորնեքը և իրավաբան-փորձագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Սեմինարը կազմակերպվել էր ՄԻՊ գրասենյակի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության զարգացման, լիազորությունների և գործունեության երաշխիքների, ՄԻՊ աջակցությունը ստանալու իրավունքի, խոսքի ազատության և մասնավոր կյանքի իրավունքների, լրագրողների պաշտպանության ու խթանման, մարդու իրավունքների մասին տեղեկատվության՝ էթիկայի սահմանների խնդիրներին։
Հանդիպման սկզբում Գերմանիայի Բունդեստագում կանցլեր Անգելա Մերկելի խորհրդարանական ֆրակցիայի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Ֆորնեքը խոսեց արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերների մասին, ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ Հայաստանը համարելով յուրատեսակ լաբորատորիա ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների միջև։
Ուշագրավ էր, որ ըստ միջազգային փորձագետի, Գերմանիայի Բունդեստագում Օմբուդսմենի գրասենյակ գոյություն չունի։ Դաշնային, երկրամասային խորհրդարաններում կամ դիմում-բողոքների հանձնաժողովներ, որոնք էլ հենց զբաղվում են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների՝ ինչպես մասնավոր, այնպես էլ՝ զանգվածային դեպքերով։ Զանգվածային է համարվում այն բողոքը, որի տակ ստորագրել են 50 000 և ավելի քանակությամբ մարդիկ։
Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց խնդիրներով զբաղվում են ռազմական հարցերով հանձնաժողովները։
Երկու հանձնաժողովներն էլ պետք է ներկայացնեն իրենց գործունեության պարտադիր տարեկան հաշվետվություն, և եթե դրանց ընթացքում պարզվում է, որ կան կրկնվող խնդիրներ, նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ։
Քննարկման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, Քրիստիան Ֆորնեքը նշեց, որ Հայաստանում՝ թե իշխանափոխությունից առաջ, և թե հետո, մարդու իրավունքների ոլորտում էական փոփոխություններ չեն եղել այն առումով, որ նախկինում էլ Հայաստանում մարդու իրավունքների նշանակալից խախտումներ չեն արձանագրվել, ինչը չես ասի Բելառուսի մասին, ուր այդ հարցում մեծ խնդիրներ կան, ասաց, որ Գերմանիայում «հայկական մաֆիայի» մասին ձևակերպումները չափազանցություն են, քանի որ ոստիկանական հաղորդագրություններում այդ մասին որևէ խոսք չկա, խոսեց նաև այն մասին, որ Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում։
Նա հավելեց նաև, որ Գերմանիայից և Եվրամիությունից առհասարակ ներդրումներ Հայաստանում կարող են լինել միայն այն ժամանակ, երբ ներդրողները հասկանան, որ Հայաստանում դատարաններն անկախ են, գործում են ինքնուրույն, արդարադատությունն էլ նույն կերպ է իրականացվում և կամայական որևէ ակտի ենթարկված չէ, քանի որ, եթե հանկարծ նման ակցիաների ժամանակ տեղի չունենա որևէ ներդրողի գործով դատական նիստ, ու վերջինս դրա հետևանքով գումար կորցնի, ներդրումների հոսքն անմիջապես կդադարի։
Այնուամենայնիվ Քրիստիան Ֆորնեքը չպատասխանեց 168.am-ի այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք Բունդեստագի արգելափակումը, երբ ունենալով իշխանություն՝ գործադիրի ղեկավարը կոչ կանի շրջափակել իշխանության ճյուղերից մեկը՝ խորհրդարանը, միայն այն բանի համար, որ նրա ընդունած օրենքը դուր չի եկել երկրի գործադիր իշխանության ղեկավարին, ինչպես եղավ Հայաստանում 2018թ. հոկտեմբերի 2-ին, և արդյո՞ք, հաշվի առնելով մեր երկրի Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին զարգացումները, կանխատեսում է Հայաստանում սահմանադրական ճգնաժամ, և եթե՝ այո, որո՞նք կարող են լինել դրա լուծման ուղիները։
Պատճառաբանվեց, որ ինքը Հայաստանում է կարճ ժամանակով, շատ իրողությունների չի տիրապետում ու չի ցանկանում պատասխանել քաղաքական հարցերին, որովհետև 1-2 օր երկրում գտնվելով՝ չի կարող մեր հարցերին սպառիչ պատասխաններ տալ։
Իրավաբան, անկախ փորձագետ Արա Ղազարյանն էլ՝ անդրադառնալով լրագրողների պաշտպանվածության խնդրին, նշեց, որ Սահմանադրական դատարանն իր ՍԴՕ 1234 որոշմամբ ամրագրել է, որ լրագրողն ունի իր աղբյուրը չբացահայտելու իրավունք, և միայն երեք դեպքում կարող են նրան օրենքով պարտադրել աղբյուր բացահայտել՝
- Անձի կյանքի պաշտպանության նպատակով
- Ծանր հանցագործությունը կանխելու նպատակով
- Հանցագրծության մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար։
Նշվեց, սակայն, որ որոշումն ընդունելու պահից մինչ այսօր բերված 3 դեպքերի հիմքով որևէ լրագրողի չի պարտադրվել աղբյուր բացահայտել։
https://www.facebook.com/Armenianombudsman/photos/pcb.1123880607799402/1123876184466511/?type=3&theater