Իրավաբանը՝ «նոր սերնդի» դատավորների մասին կուլիսային պատկերացումների շուրջ
Կարծեք թե գնում է դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործընթաց, և դա շատ է նմանեցվում գործադիր իշխանությունը վերցնելուն, օրենսդիր իշխանությունը վերցնելուն։ Ադեկվադ» հ/կ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին այս մասին հայտարարեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական բարեփոխումներին:
«Առաջարկվում են մեխանիզմներ, մասնավորապես 2018 թվականի օգոստոսին դա շատ հետաքրքրիր ձևով համընկավ ամենակարևոր դատական իրադարձության հետ, երբ որոշում կայացվեց, որը, մեղմ ասած, պետք է որ հաճելի չլիներ իշխող ուժին, որից հետո հայտարարվեց, որ մեր երկիրը շուտով անցնելու է անցումային արդարադատության։
2019 թվականի մայիսին, երբ ևս մի դատական որոշում կայացվեց, նույնպես շատ հետաքրքրիր ձևով համընկավ, և հայտարարվեց, որ շուտով Հայաստանում իրականացվելու է վեթինգ»,- ասաց Ռ. Մելիքյանը՝ նկատի ունենալով Ռ. Քոչարյանի գործով դատական որոշումները։
«Անցումային արդարադատությունը, իմ կարծիքով, ամենամեծ հակապետական քայլն է. մենք այդ քայքայված վիճակում չենք։ Ի վերջո, լավ թե վատ՝ մեր պետականությունը ցույց տվեց, որ ամուր է, եթե մի տարի դիմանում է անորոշությանը»,- թեմայով նման գնահատական հնչեցրեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Իրավաբան Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ ցանկացած բարեփոխում պետք է համահունչ լինի նաև հասարակական պահանջներին: Նա ներկայացրեց իր պատկերացումները հայտարարված դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ՝ բարեփոխումների պահանջը դիտարկելով երկու տեսանկյունից՝ քաղաքական և իրավական.
«Իմ պատկերացմամբ՝ քաղաքական պահանջը ծագեց այն պահից, երբ մեր երկրի ոչ ռեզիդենտ բաժնետերերը գիտակցեցին, որ Ազգային ժողովում և կառավարությունում ունենալով բավարար չափով տեղեր՝ չունեն այդ ներկայացուցիչները դատական համակարգում, ավելի կոնկրետ՝ դատարանում։ Հուշեցին իշխանություններին, որ կարող ենք իրականացնել վեթինգը և այդ ճանապարհով որոշակի մարդկանց ֆիլտրել դատական համակարգից և նրանց փոխարեն նշանակել դատավորներ»,- ասաց նա։
Ա. Սաքապետոյանը ներկայացրեց նաև կուլիսային խոսակցություններում նախանշվող դատավորների բնութագիրը, ըստ որի՝ այս «նոր սերնդի» դատավորները պետք է լինեն «այնքան ռիսկով, որ, օրինակ, ի վիճակի լինեն բավարարելու այնպիսի հայցադիմում, որ, եթե տրանսգենդերը դիմում է դատարանին և պահանջում է, որպեսզի իր երեխայի վերաբերյալ դիմումում նշվի՝ «ծնող 1 և ծնող 2», ապա դատարանը, հիմք ընդունելով այդ դիմումը՝ կայացնի վճիռներ, որ մարդիկ կարողանան օգտվել այս իրավունքներից»:
Զարուհի Դիլանյան