Բաժիններ՝

Ժամանակակից տեխնոլոգիաները՝ հոգևոր կյանքում

21-րդ դարում նորագույն տեխնոլոգիաները դարձել են մեր կենցաղի անբաժան մասնիկը: Ոչ վաղ մարդկանց մտքի ծայրով նույնիսկ չէր անցնում, որ աշխարհի մի ծայրից մյուսը հնարավոր կլիներ միմյանց տեսնել: Բայց արի ու տես, որ հնարավոր եղավ և այն էլ այնքան պատկերավոր, որ նվազեց իրականում տեսնվելու անհրաժեշտությունը: Արդյունքում մարդիկ համացանցում ցուցադրում են իրենց կյանքը, տրամադրությունը, հագուստը: Համացանցում հանդիպում են, համացանցում նախաճաշում ու ճաշում են, համացանցում ամուսնանում են, երեխայի առաջին քայլերը առաջինը երևում է համացանցում ու այսպես շարունակ:

Այս իրավիճակում ամենևին զարմանալի չէ, որ քրիստոնյաներից ցանցը դարձրել են նաև քահանաների հետ հաղորդակցվելու, աղոթելու հարթակ: Սոցիալական կայքերում գրանցված է նույնիսկ Հռոմի 266-րդ Պապ Ֆրանցիսկոսը, ով մեկ տարվա ընթացքում դարձել է շուրջ 500 հրապարակման հեղինակ: Իհարկե մեղք չէ, որ քրիստոնյաները ժամանակին համընթաց են քայլում, սակայն այստեղ մոլորություններն ու վտանգները ավելի խորն են թաքնված: Բացի առօրյայից մարդիկ հանրայնացնում են նաև հոգևոր կյանքը՝ իրենց էջերում տեղադրելով աղոթքներ, կրոնական ապրումներ: Մի՞թե ժամանակակից քրիստոնյան պետք է համացանցում աղոթի:

Պատասխանի մասին հստակ խոսում է Աստվածաշունչը. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:5,6): Ժողովարաններն ու հրապարակների անկյունները փոխարինվել են Facebook-յան պատով, բայց դրանից մարդկանց «վարձը» չի փոխվել: Դեռ հնուց՝ ամեն դարաշրջանում, եկեղեցին օգտագործել է Ավետարանի քարոզչության այն կերպն ու միջոցները, որոնք իրենց ժամանակի համար եղել են առավել արդյունավետ ու օգտակար: Ինչպես օրինակ, երբ Աստվածաշնչի բերանացի քարոզին եկավ փոխարինելու տպագիր Ավետարանը: Սրանից քարոզչության ոգին, բնավ, չնվազեց, այլ ընդհակառակը՝ լայնացավ քարոզչության հնարավորություններն ու շրջանակը: Նույնը եղավ, երբ համացանցում հայտվեց Ավետարանի օնլայն տարբերակը:

Ծանոթներիցս մեկը, ով երկար ժամանակ էր, ինչ սպասում էր Աստվածաշնչի օնլայն տարբերակին պատմում է, որ այսպես իրեն հարմար է. «Աստվածաշունչը բավականին ծանր է ու ամեն պահի հետս ման տալ չեմ կարող: Իսկ այսպես կարող եմ հեռախոսիս մեջ ցանկացած պահի բացել ու կարդալ այն հատվածը, որի կարիքը զգամ»,-ընդգծում է նա: Քիչ չեն նաև անձնական բլոգ ունեցող քահանաները, որոնց էջերը բաց են բոլոր հարցերի համար: Այսպիսի բլոգերը օգնում են, որ մարդիկ լրացնեն իրենց հոգևոր գիտելիքի բացը: Մանեն անկեղծանում է, որ չէր ուզում մկրտվել՝ մինչ համացանցում մկրտության խորհրդի մասին կարդալը. «Քրիստոնյա էի, բայց մկրտված չէի: Տեր Հովհաննեսի էջում կարդացի»,- ասում է նա:

Քրիստոնեական եկեղեցու հիմնական նպատակը մարդու փրկությունն է, և այս առաքելության արդյունավետությանն ու առանձնահատկություններին անհրաժեշտ է, որ հաճախ անդրադառնանք՝ փնտրելով նոր ժամանակների նորամուծությունների ու առաջարկած տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Այս հրամայականներին ու նպատակներին ընդառաջ գնալու ճանապարհները հովվական գործունեության մեջ ավանդական միջոցների կողքին բացում են նոր հնարավորություններ ու միջոցներ, որոնք առաջարկում է այսօրվա աշխարհն իր տեղեկատվական նորամուծություններով: Հեռուստատեսություն, ռադիո, մամուլ. այստեղ Հայ Առաքելական եկեղեցու փորձը զգալի է, սակայն պիտի կարողանալ քայլել ժամանակին համընթաց:

Գաղտնիք չէ, որ ամեն տեսակի հակաառաքելական դրսևորումների հիմքում, մեծ մասամբ, հենց տեղեկատվության պակասն է: Ժամանակակից տեխնոլոգիաները կարելի է և պետք է օգտագործել: Իրենք իրենցով դրանք լավը կամ վատը չեն: Մարդն է այս կամ այն երևույթը դարձնում լավ կամ վատ: Ուրեմն ինչպես ցանկացած բան, ժամանակակից տեխնոլոգիաները ևս լավը կամ վատը դառնում են մարդու ձեռով:

Մարիամ Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս