Կովկասում ռուսական ազդեցության վերջին ջիլը
«Սա Ռուսաստանի կողմից սկսված պատերազմ էր, որը, փաստորեն, ուղղված էր նրան, որպեսզի չկորցնի տարածաշրջանը: Հետագայում նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ դա նրա համար էր, որպեսզի ՆԱՏՕ-ն չընդլայնվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով 2008-ի օգոստոսի 8-ին սկսված ռուս-վրացական պատերազմի իրողությունները և կատարվածի արդյունքը, ասել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Այդ իրադարձությունները նա որակում է «պյուռոսյան հաղթանակ»՝ Ռուսաստանի կողմից, որի արդյունքում, իբր ճանաչվեցին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունները. «Սակայն, օս և աբխազ ժողովուրդները դրանով չդարձան անկախ ժողովուրդներ: Նրանց առջև կանգնած ազգային խնդիրները ներկայումս էլ մնում են չլուծված: Նրանք, պարզապես, մեծ կախվածության մեջ ընկան Ռուսաստանից, ինչից դուրս գալը դժվար պատկերացնելի է գոնե իրենց համար տեսանելի հեռանկարում: Դա բերեց այդ տարածաշրջաններում տնտեսական և դեմոգրաֆիական աղետի, հատկապես, Օսեթիայի պարագայում: Այդ երկրների՝ կլանների կողմից կառավարումը ֆիքսվեց և Ռուսաստանի ազդեցության տարածքում դրանց տրվեց իրավաբանական տեսք»:
Իր «պյուռոսյան հաղթանակի» արդյունքում, փորձագետի դիտրակմամբ, Ռուսաստանը նաև փչացրեց իր հարաբերությունները միջազգային հանրության հետ, և նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հռչակված «վերաբեռնումը» որևէ շոշափելի արդյունք չտվեց, բացառությամբ Աֆղանստանի հարցի, ինչը, ըստ Մեհրաբյանի այլ հարթության մեջ է: Ռուս-վրացական պատերազմը, Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, է՛լ ավելի խորացրեց տարածաշրջանի մասնատվածությունը, ավելացրեց բաժանարար գծերը. «Տարածաշրջանը ոչնչով չշահեց այս պատերազմից: Եվ ֆրանսիական միջնորդությամբ կրակի դադարեցման մասին ռուս-վրացական փաստաթղթում ամրագրված արդյունքները մինչ այսօր էլ մինչև վերջ չեն կատարվել և չեն կատարվել հենց Ռուսաստանի կողմից: Դրանով միայն առկա իրավիճակը սառեցվեց: Վերջին չորս տարիներին էլ ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ բռունցք ցույց տալով իր մրցակիցներին: Այս պատերազմը Կովկասում ռուսական ազդեցության վերջին ջիլն էր»:



